Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

1
Դավիթը լսում է Սավուղի մահվան մասին
1Սավուղի մեռնելուց հետո, երբ Դավիթը վերադարձավ ամաղեկացիներին ջարդելուց, երկու օր մնաց Սիկելակում։ 2Երրորդ օրը ահա Սավուղի բանակից մեկը եկավ՝ հագուստները պատառոտած ու գլխին հող, և երբ նա եկավ Դավթի մոտ, ընկավ գետին և երկրպագեց։ 3Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա ասաց նրան. «Ես փախել եմ Իսրայելի բանակից»։ 4Եվ Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Եվ նա ասաց. «Զորքը փախավ պատերազմի դաշտից, և զորքից շատ մարդիկ ընկան ու մեռան. նաև Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։ 5Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն հարցրեց. «Ինչպե՞ս իմացար, թե Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։ 6Եվ նրան լուր բերող պատանին ասաց. «Ես պատահմամբ գտնվում էի Գեղբուե սարի վրա, և ահա Սավուղը կռթնած էր իր նիզակին, և կառքերն ու ձիավորներն էլ հասնում էին նրան։ 7Այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ և ինձ կանչեց, ես էլ ասացի. “Ահա ես”։ 8Եվ նա ինձ ասաց. “Ո՞վ ես դու”։ Ես էլ նրան ասացի. “Ամաղեկացի եմ”։ 9Եվ նա ինձ ասաց. “Աղաչում եմ, կանգնի՛ր ինձ վրա և մեռցրո՛ւ ինձ, որովհետև մահվան տագնապը պատել է ինձ, բայց հոգիս դեռ վրաս է”։ 10Ես կանգնեցի նրա վրա ու մեռցրի նրան, քանի որ հասկացա, որ նա իր ընկնելուց հետո չէր ապրելու։ Նրա գլխից վերցրի թագը և նրա բազկից՝ ապարանջանն ու դրանք բերի այստեղ՝ իմ տիրոջ համար»։ 11Այդ ժամանակ Դավիթը բռնեց իր հագուստները և պատառոտեց դրանք, նույնպես էլ արեցին նրա հետ եղած բոլոր մարդիկ։ 12Եվ նրանք սգացին ու լաց եղան և մինչև իրիկուն ծոմ պահեցին Սավուղի համար և նրա որդի Հովնաթանի համար, Տիրոջ ժողովրդի համար և Իսրայելի տան համար, որ նրանք ընկել էին սրով։
13Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն ասաց. «Որտեղացի՞ ես դու»։ Եվ նա ասաց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»։ 14Եվ Դավիթը նրան ասաց. «Ինչպե՞ս չվախեցար, որ ձեռքդ բարձրացրիր ու սպանեցիր Տիրոջ օծյալին»։ 15Եվ Դավիթը կանչեց երիտասարդներից մեկին ու ասաց. «Մոտեցի՛ր և սպանի՛ր նրան»։ Երիտասարդը հարվածեց նրան, և նա մեռավ։ 16Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը՝ քո գլուխը, որովհետև քո բերանը վկայություն տվեց քո դեմ՝ ասելով. “Ես մեռցրի Տիրոջ օծյալին”»։
Դավթի ողբը Սավուղի և Հովնաթանի համար
17Եվ Դավիթը ողբաց Սավուղի վրա ու նրա որդի Հովնաթանի վրա և ասաց «Աղեղը» ողբը. 18Հուդայի որդիներին սովորեցնեն (ահա այն գրված է Ուղիղի գրքում).
19Քո փառքը, ո՜վ Իսրայել,
Քո բարձր տեղերի վրա խոցվեց.
Ինչպե՞ս ընկան քաջերը։
20Մի՛ պատմեք Գեթում,
Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին.
Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան,
Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։
21Ո՜վ Գեղբուեի սարեր,
Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի,
Ո՛չ էլ երախայրիքի ընծաների անդաստաններ,
Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը,
Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։
22Խոցվածների արյունից, քաջերի ճարպից
Հովնաթանի աղեղը ետ չքաշվեց,
Եվ Սավուղի սուրը ետ չդարձավ դատարկ։
23Սավուղն ու Հովնաթանը՝
Շատ սիրելի և հաճելի իրենց կենդանության ժամանակ,
Իրենց մահվան ժամանակ էլ չբաժանվեցին իրարից.
Արծիվներից ավելի թեթևաշարժ
Եվ առյուծներից ավելի հզոր էին։
24Իսրայելի՛ աղջիկներ, լացե՛ք Սավուղի համար,
Որ ձեզ վայելուչ կարմիր էր հագցնում
Եվ ոսկե զարդեր դնում ձեր հանդերձների վրա։
25Ինչպե՞ս ընկան քաջերը պատերազմում,
Հովնաթանը խոցվեց քո բարձր տեղերի վրա։
26Ցավում եմ քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան,
Դու ինձ շատ սիրելի էիր,
Կանանց սիրուց բարձր էր քո սերն ինձ համար։
27Ինչպե՞ս ընկան քաջերը,
Եվ պատերազմի զենքերը կորան։

Արդեն Ընտրված.

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում