Բ Պետրոս 3:10-18

Բ Պետրոս 3:10-18 ՆՎԱԱ

Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա. այդ ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։ Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ և աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսի՞ն պիտի լինեք՝ սպասելով և ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, երբ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի, և երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն։ Բայց մենք, նրա խոստման համաձայն, նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում։ Դրա համար, սիրելինե՛ր, սրանց սպասելով ջանացե՛ք, որ նա ձեզ գտնի անբիծ ու անարատ, խաղաղության մեջ, և մեր Տիրոջ համբերությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է այս բաների մասին։ Դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսներն ու թույլերը շեղում են մյուս գրքերի պես՝ իրենց հոգիները կորստյան մատնելով։ Ուրեմն դուք, սիրելինե՛ր, նախապես իմանալով, զգո՛ւյշ եղեք, որպեսզի անօրենների մոլորությամբ հափշտակվելով՝ ձեր հաստատուն վիճակից չընկնեք։ Աճե՛ք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք այժմ և մինչև հավիտենական օրը։ Ամեն։