Բ Պետրոս 1:3-19

Բ Պետրոս 1:3-19 ՆՎԱԱ

Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով։ Որովհետև սրանք ձեր մեջ ունենալով ու առատացնելով՝ դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ Բայց նա, ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճատես՝ մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելու մասին։ Դրա համար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետև դրանք անելով՝ երբեք հանցանք չեք գործի, քանի որ այսպես առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Ուստի մտադիր եմ ձեզ այս բաների մասին միշտ հիշեցնելու, թեև գիտեք ու հաստատված եք այս ներկա ճշմարտության մեջ։ Իրավունք եմ համարում, որ քանի դեռ այս մարմնի մեջ եմ, ձեզ հիշեցնելով արթուն պահեմ։ Գիտեմ, որ շուտով հեռանալու եմ կյանքից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ։ Բայց կջանամ, որ աշխարհից իմ հեռանալուց հետո այս բաները հիշեք։ Մենք ոչ թե հնարված առասպելներին հետևելով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ ականատես եղանք նրա մեծությանը։ Քանի որ Հայր Աստծուց ստացավ պատիվ ու փառք, երբ մեծավայելուչ փառքից այսպիսի ձայն եկավ իրեն. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը»։ Եվ երկնքից եկած այս ձայնը հենց մենք լսեցինք, երբ նրա հետ այն սուրբ լեռան վրա էինք։ Եվ մարգարեական ավելի հաստատուն խոսքն ունենք, որին եթե անսաք, լա՛վ կանեք, ինչպես մի ճրագ, որ մութ տեղում լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա, և առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։