Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8
8
Սունամացի կինը վերադառնում է
1Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։ 2Եվ այն կինը վեր կացավ ու արեց այնպես, ինչպես ասել էր Աստծու մարդը, և ինքն ու իր ընտանիքը գնացին և փղշտացիների երկրում յոթ տարի պանդուխտ եղան։
3Եվ յոթ տարի անցնելուց հետո այն կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց իր տան ու իր արտի համար թագավորին բողոքելու։
4Թագավորը խոսում էր Աստծու մարդու ծառա Գեեզիի հետ՝ ասելով. «Պատմի՛ր ինձ այն բոլոր մեծ գործերի մասին, որ արել է Եղիսեն»։ 5Եվ երբ նա թագավորին պատմում էր, թե ինչպես կենդանացրեց մեռածին, ահա այն կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեն, բողոքում էր թագավորին իր տան և իր արտի համար։ Եվ Գեեզին ասաց. «Ո՛վ տեր իմ թագավոր, սա այն կինն է, և սա էլ նրա որդին է, որին կենդանացրեց Եղիսեն»։ 6Եվ թագավորը հարցրեց այն կնոջը, նա էլ պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը և արտի ամբողջ արդյունքը՝ այս երկիրը նրա թողած օրից մինչև հիմա»։
Եղիսեն և ասորիների Բենադադ թագավորը
7Եղիսեն գնաց Դամասկոս։ Ասորիների Բենադադ թագավորը հիվանդ էր, և նրան հայտնեցին, թե՝ «Աստծու մարդը եկել է մինչև այստեղ»։ 8Եվ թագավորն ասաց Ազայելին. «Ձեռքդ ընծա՛ վերցրու, գնա՛ Աստծու մարդուն դիմավորելու և նրա միջոցով հարցրո՛ւ Տիրոջը՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։ 9Ազայելը գնաց, դիմավորեց նրան, իր ձեռքն ընծա վերցրեց և Դամասկոսի բոլոր բարիքներից առավ քառասուն ուղտի բեռ, եկավ ու կանգնեց նրա առաջ և ասաց. «Քո որդին՝ ասորիների Բենադադ թագավորը, ինձ ուղարկեց քեզ մոտ՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։ 10Եղիսեն նրան ասաց. «Գնա ասա՛ նրան, որ առողջանալու ես, բայց Տերն ինձ ցույց է տվել, որ նա անպատճառ պիտի մեռնի»։ 11Եղիսեն անթարթ նայեց Ազայելին, և նա ամաչեց։ Աստծու մարդը լաց եղավ։ 12Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիների որովայնը»։ 13Ազայելն ասաց. «Ի՞նչ է քո ծառան, որ մի շուն է, որ այդ մեծ բաներն անի»։ Բայց Եղիսեն նրան ասաց. «Տերն ինձ ցույց տվեց, որ դու թագավոր պիտի լինես ասորիների վրա»։ 14Նա գնաց Եղիսեի մոտից և եկավ իր տիրոջ մոտ. նա նրան ասաց. «Եղիսեն քեզ ի՞նչ է ասել»։ Եվ նա ասաց, թե՝ «Անպայման առողջանալու ես»։ 15Հետևյալ օրն Ազայելը մի ծածկոց վերցրեց, թաթախեց ջրում, գցեց նրա երեսին, այնպես որ նա մեռավ։ Եվ Ազայելը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Հուդայի Հովրամ թագավորը
(Բ Մն. 21.1-20)
16Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հինգերորդ տարում, երբ Հուդայի վրա դեռ թագավորում էր Հոսափատը, Հուդայի թագավոր Հոսափատի որդի Հովրամը դարձավ Հուդայի թագավոր։ 17Նա երեսուներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։ 18Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, քանի որ Աքաաբի աղջիկը նրա կինն էր. և նա չարիք գործեց Տիրոջ առաջ։ 19Բայց Տերը չուզեց կործանել Հուդան իր ծառա Դավթի համար, ինչպես որ ասել էր նրան, թե մի ճրագ պիտի տա նրան և նրա որդիներին ամեն ժամանակ։ 20Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։ 21Եվ Հովրամը բոլոր կառքերը վերցրեց իր հետ ու անցավ Սայիր։ Մի գիշեր նա վեր կացավ ու ջարդեց եդովմացիներին, որոնք պաշարել էին իրեն և իր կառքերի պետերին, բայց բանակը փախավ իր վրանները։ 22Եվ այսպես Եդովմն անջատվեց Հուդայից մինչև այսօր։ Այդ ժամանակ Լեբնան էլ ապստամբեց։
23Հովրամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 24Հովրամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում, և նրա որդի Օքոզիան թագավոր դարձավ նրա փոխարեն։
Հուդայի Օքոզիա թագավորը
(Բ Մն. 22.1-6)
25Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի տասներկուերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Հովրամի որդի Օքոզիան։ 26Օքոզիան քսաներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Գոթողիա էր, որն Իսրայելի Ամրի թագավորի դուստրն էր։ 27Նա գնաց Աքաաբի տան ճանապարհով և չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։ 28Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամովթ-Գաղաադ՝ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, և ասորիները վիրավորեցին Հովրամին։ 29Հովրամ թագավորը վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ նրան հասցրել էին ասորիները Ռամովթում՝ ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ։ Եվ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսնելու, որովհետև նա հիվանդ էր։
Արդեն Ընտրված.
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018