Քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, և նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք մենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք։ Եթե ասենք՝ “Գնանք քաղաք”, քաղաքում էլ սով կա, այնտեղ կմեռնենք, և եթե այստեղ մնանք, էլի կմեռնենք. ուրեմն եկե՛ք ասորիների բանակը մտնենք. եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե մեզ սպանեն, կմեռնենք»։ Եվ մթնշաղին վեր կացան, որ գնան ասորիների բանակը, և եկան մինչև ասորիների բանակատեղիի ծայրը, բայց այնտեղ մարդ չկար։ Որովհետև Տերն ասորիների բանակի մեջ կառքերի ձայն ու ձիերի ձայն և մեծ զորքի ձայներ էր լսել տվել, իրար ասացին. «Ահա Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին և Եգիպտոսի թագավորներին, որ գան մեզ վրա»։ Եվ ելան ու փախան մութ ժամանակ և թողեցին իրենց վրանները, իրենց ձիերն ու իրենց էշերը և բանակատեղին, ինչպես որ էր, և փախան՝ փրկելով իրենց անձերը։ Եվ այն բորոտները եկան մինչև բանակատեղիի ծայրը, մտան մի վրան, կերան ու խմեցին, արծաթ, ոսկի և հանդերձներ վերցրին և գնացին ու թաքցրին, ապա ետ դարձան ու մտան մի ուրիշ վրան, այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։ Եվ իրար ասացին. «Լավ բան չէ մեր արածը. այս օրն ավետիքի օր է, և մենք լռել ենք ու մնում ենք մինչև առավոտյան լույսը. այդ դեպքում մենք հանցավորներ կլինենք. արդ, եկեք գնանք և հայտնենք թագավորի պալատին»։ Եվ նրանք եկան, կանչեցին քաղաքի դռնապաններին, պատմեցին նրանց և ասացին. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ո՛չ մարդ կա և ո՛չ էլ մարդու ձայն, այլ միայն կապած ձիեր ու կապած էշեր կան, և վրաններն էլ՝ ինչպես եղել են»։ Եվ դռնապանները կանչեցին ու հայտնեցին թագավորի պալատում՝ ներսում։
Եվ թագավորը գիշերը վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Թողեք ձեզ պատմեմ, թե ասորիներն ի՛նչ են արել մեզ. նրանք գիտեն, որ մենք սոված ենք, և բանակատեղիից դուրս են ելել՝ դաշտում թաքնվելու՝ ասելով. “Երբ նրանք քաղաքից դուրս գան, մենք նրանց ողջ-ողջ կբռնենք և քաղաք կմտնենք”»։ Բայց նրա ծառաներից մեկը պատասխան տվեց և ասաց. «Թող քաղաքում մնացած ձիերից հինգ ձի վերցնեն (ահա ինչպես որ ամբողջ Իսրայելի բազմությունը, որ մնացել էր քաղաքում, նույնպես և ամբողջ Իսրայելի բազմությունը, որ ոչնչացավ), և թողեք ուղարկենք այնտեղ և տեսնենք»։ Եվ երկու կառք վերցրին իրենց ձիերով, և թագավորը մարդ ուղարկեց ասորիների բանակի ետևից՝ ասելով. «Գնացե՛ք և տեսե՛ք»։ Եվ նրանք մինչև Հորդանան գնացին նրանց ետևից, և ահա ամբողջ ճանապարհը լիքն էր հանդերձներով և իրերով, որոնք շտապ փախած ասորիները դեն էին նետել. պատգամավորները վերադարձան և պատմեցին թագավորին։
Ժողովուրդը գնաց, և կողոպտեցին ասորիների բանակատեղին, և Տիրոջ խոսքի համաձայն մեկ գրիվ շարմաղ ալյուրը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին՝ մեկ սիկղ։