Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:8-23

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:8-23 ՆՎԱԱ

Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ։ Իր ծառաների հետ խորհուրդ արեց՝ ասելով. «Այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ»։ Բայց Աստծու մարդը լուր ուղարկեց Իսրայելի թագավորին՝ ասելով. «Զգուշացի՛ր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել»։ Եվ Իսրայելի թագավորը մարդ ուղարկեց այն տեղը, որի մասին ասել էր Աստծու մարդը և նրան զգուշացրել. և նա այդ տեղից շատ անգամ զգուշացավ։ Ասորիների թագավորի սիրտը փոթորկվեց այդ բանից. կանչեց իր ծառաներին և ասաց նրանց. «Ինձ չե՞ք իմացնի, թե մեր մարդկանցից ո՛վ է Իսրայելի թագավորի հետ»։ Եվ նրա ծառաներից մեկն ասաց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր. Իսրայելում գտնվող Եղիսե մարգարեն է Իսրայելի թագավորին հայտնում ամեն բան, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք ու տեսե՛ք, թե նա որտեղ է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ»։ Եվ նրան հայտնեցին ու ասացին. «Դոթայիմում է»։ Ձիեր, կառքեր և մեծ զորք ուղարկեց այնտեղ, որոնք գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը։ Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»։ Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։ Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։ Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. «Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ»։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։ Եվ Եղիսեն ասաց նրանց. «Այս չէ ճանապարհը, և քաղաքն էլ այս չէ։ Եկե՛ք իմ ետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք»։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։ Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. «Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն». և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։ Եվ երբ Իսրայելի թագավորը տեսավ նրանց, ասաց Եղիսեին. «Զարկե՞մ, զարկե՞մ, հա՛յր իմ»։ Եվ նա ասաց. «Մի՛ զարկիր. մի՞թե դու սպանում ես նրանց, որոնց գերի ես վերցնում քո սրով ու աղեղով. հաց ու ջո՛ւր դիր նրանց առաջ, թող ուտեն ու խմեն և հետո գնան իրենց տիրոջ մոտ»։ Եվ մեծ հացկերույթ պատրաստեց նրանց համար. նրանք կերան ու խմեցին, և հետո նրանց արձակեց, ու նրանք գնացին իրենց տիրոջ մոտ, և ասորիների գնդերն այլևս չեկան Իսրայելի երկիրը։