Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:1-14

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:1-14 ՆՎԱԱ

Ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։ Մի անգամ ասորիների գնդերը եկել և Իսրայելի երկրից գերի էին տարել մի փոքրիկ աղջկա, որը ծառայում էր Նեեմանի կնոջը։ Սա ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։ Նեեմանը գնաց ու պատմեց իր տիրոջը՝ ասելով. «Այսպես ու այսպես է խոսել Իսրայելի երկրից եկած աղջիկը»։ Ասորիների թագավորն ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Նա գնաց ու իր հետ վերցրեց տասը տաղանդ արծաթ, վեց հազար ոսկի և տասը ձեռք փոխնորդ հագուստներ։ Եվ Իսրայելի թագավորին բերեց նամակը, որի մեջ ասված էր. «Արդ այս նամակը հենց որ հասնի քեզ, իմացի՛ր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ Նեեման ծառային, որ դու նրան բժշկես իր բորոտությունից»։ Եվ երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հանդերձները և ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ մեռցնեմ կամ կյանք տամ, որ ինձ մոտ մարդ է ուղարկում բորոտությունից բժշկելու համար. սակայն դուք իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա կռվի պատճառ է որոնում իմ դեմ»։ Եվ երբ Աստծու մարդը՝ Եղիսեն, լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հանդերձը, այդ ժամանակ մարդ ուղարկեց թագավորի մոտ՝ ասելով. «Ինչո՞ւ պատռեցիր քո հանդերձը. թող նա գա ինձ մոտ և իմանա, որ մարգարե կա Իսրայելում»։ Նեեմանն իր ձիերով ու կառքով գնաց կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։ Բայց Նեեմանը բարկացավ ու գնաց՝ ասելով. «Ես կարծում էի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչի իր Տեր Աստծու անունը և ձեռքը շարժի այն տեղի վրա և այդ ժամանակ կբժշկի բորոտությունը։ Մի՞թե Դամասկոսի Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավ չեն. մի՞թե չեմ կարող նրանց մեջ լվացվել ու մաքրվել»։ Եվ նա ետ դարձավ ու գնաց բարկությամբ։ Բայց նրա ծառաները մոտեցան, խոսեցին նրա հետ և ասացին. «Ո՛վ հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անելու. էլ ո՞ւր մնաց, որ քեզ ասաց. “Լվացվի՛ր և կմաքրվես”»։ Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։