Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։ Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։ Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և քիչ չհավաքես։ Եվ տո՛ւնդ մտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից, յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։ Կինը գնաց նրա մոտից և դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։ Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։ Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։
Մի օր Եղիսեն անցնում էր Սունամով։ Այնտեղ մի հարուստ կին կար. նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու։ Եվ նա ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտով։ Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։ Մի օր էլ, երբ նա եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։ Եվ իր ծառա Գեեզիին ասաց. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց նրա առաջ։ Եվ ծառային ասաց. «Նրան ասա՛. “Ահա այս ամբողջ աշխատանքն արել ես մեզ համար, հիմա ի՞նչ անեմ քեզ համար. թագավորի մոտ գործ ունե՞ս կամ զորագլխի մոտ”»։ Բայց կինն ասաց. «Ես գոհ եմ, որ իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։ Եվ նա ասաց. «Ուրեմն ի՞նչ պետք է անել նրա համար»։ Եվ Գեեզին ասաց. «Իրավ, ինքը որդի չունի, և մարդն էլ ծեր է»։ Եվ ասաց. «Կանչի՛ր նրան»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց դռանը։ Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։ Կինը հղիացավ և մի որդի ծնեց հաջորդ տարին այդ նույն ժամանակ, ինչպես նրան ասել էր Եղիսեն։
Երեխան մեծացավ և մի օր գնաց հնձվորների՝ իր հոր մոտ։ Եվ ասաց իր հորը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։ Հայրն ասաց ծառային. «Նրան տա՛ր իր մոր մոտ»։ Նա վերցրեց նրան ու տարավ իր մոր մոտ, և նա մինչև կեսօր մնաց մոր ծնկների վրա ու մեռավ։ Կինը ելավ վեր, նրան պառկեցրեց Աստծու մարդու անկողնու վրա, դուռը կողպեց վրան ու գնաց։ Եվ իր մարդուն կանչեց ու ասաց. «Ծառաներից մեկին ուղարկի՛ր ինձ մոտ և էշերից էլ մի էշ, որ շտապ գնամ Աստծու մարդու մոտ ու ետ գամ»։ Եվ նա ասաց. «Ինչո՞ւ ես այսօր նրա մոտ գնում. ո՛չ ամսամուտ է, ո՛չ շաբաթ»։ Կինն ասաց. «Հանգի՛ստ եղիր»։ Նա համետեց էշը և ասաց ծառային. «Քշի՛ր ու գնա՛, և մինչև քեզ չասեմ, չկանգնեցնես»։ Նա գնաց ու հասավ Աստծու մարդուն Կարմեղոս սարի վրա։ Երբ Աստծու մարդը հեռվից տեսավ նրան, այդ ժամանակ իր ծառա Գեեզիին ասաց. «Սա սունամացի այն կինն է։ Հիմա վազի՛ր, նրան դիմավորի՛ր և ասա՛ նրան. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Եվ նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։ Կինը գնաց սարը՝ Աստծու մարդու մոտ, և բռնեց նրա ոտքերից. Գեեզին մոտեցավ, որ նրան ետ քաշի, բայց Աստծու մարդն ասաց. «Թո՛ղ դրան, որովհետև նրա սրտում ցավ կա, և Տերը ծածկել է ինձնից և ինձ չի իմացրել»։ Ապա նա ասաց. «Ես իմ տիրոջից որդի խնդրեցի՞, չասացի՞, որ ինձ մի՛ խաբիր»։ Եվ Եղիսեն Գեեզիին ասաց. «Մեջքիդ գոտի՛ կապիր, ձե՛ռքդ առ իմ գավազանը և գնա՛. եթե մարդու հանդիպես, նրան բարև մի՛ տուր։ Եվ եթե քեզ մեկը բարև տա, պատասխան մի՛ տուր նրան և իմ գավազանը տա՛ր ու դի՛ր երեխայի երեսին»։ Բայց երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, որ ես քեզ չեմ լքելու»։ Եվ նա վեր կացավ ու գնաց այդ կնոջ ետևից։ Գեեզին գնաց նրանցից առաջ և գավազանը դրեց երեխայի երեսին, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ էլ կյանքի նշան։ Եվ նա ետ դարձավ, դիմավորեց Եղիսեին ու պատմեց նրան՝ ասելով. «Երեխան չզարթնեց»։ Երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա։ Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից և աղոթեց Տիրոջը։ Վեր կացավ, պառկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ափերը՝ նրա ափերին և երբ կռացավ նրա վրա, երեխայի մարմինը տաքացավ։ Եվ ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց և վեր կացավ ու կրկին կռացավ նրա վրա. երեխան յոթ անգամ փռշտաց. երեխան բացեց իր աչքերը։ Նա կանչեց Գեեզիին. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Երբ նա նրան կանչեց, և կինը եկավ նրա մոտ, նա ասաց. «Ա՛ռ քո երեխային»։ Կինը եկավ ու ընկավ նրա ոտքերը, մինչև գետին խոնարհվեց և վերցնելով իր որդուն՝ գնաց։