Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։ Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։ Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և քիչ չհավաքես։ Եվ տո՛ւնդ մտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից, յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։ Կինը գնաց նրա մոտից և դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։ Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։ Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։
Մի օր Եղիսեն անցնում էր Սունամով։ Այնտեղ մի հարուստ կին կար. նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու։ Եվ նա ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտով։ Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։ Մի օր էլ, երբ նա եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։ Եվ իր ծառա Գեեզիին ասաց. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց նրա առաջ։ Եվ ծառային ասաց. «Նրան ասա՛. “Ահա այս ամբողջ աշխատանքն արել ես մեզ համար, հիմա ի՞նչ անեմ քեզ համար. թագավորի մոտ գործ ունե՞ս կամ զորագլխի մոտ”»։ Բայց կինն ասաց. «Ես գոհ եմ, որ իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։ Եվ նա ասաց. «Ուրեմն ի՞նչ պետք է անել նրա համար»։ Եվ Գեեզին ասաց. «Իրավ, ինքը որդի չունի, և մարդն էլ ծեր է»։ Եվ ասաց. «Կանչի՛ր նրան»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց դռանը։ Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։ Կինը հղիացավ և մի որդի ծնեց հաջորդ տարին այդ նույն ժամանակ, ինչպես նրան ասել էր Եղիսեն։