Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

4
Եղիսեն օգնում է խեղճ որբևայրուն
1Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։ 2Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։ 3Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և քիչ չհավաքես։ 4Եվ տո՛ւնդ մտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից, յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։ 5Կինը գնաց նրա մոտից և դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։ 6Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։ 7Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։
Եղիսեն և սունամացի հարուստ կինը
8Մի օր Եղիսեն անցնում էր Սունամով։ Այնտեղ մի հարուստ կին կար. նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու։ 9Եվ նա ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտով։ 10Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։ 11Մի օր էլ, երբ նա եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։ 12Եվ իր ծառա Գեեզիին ասաց. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց նրա առաջ։ 13Եվ ծառային ասաց. «Նրան ասա՛. “Ահա այս ամբողջ աշխատանքն արել ես մեզ համար, հիմա ի՞նչ անեմ քեզ համար. թագավորի մոտ գործ ունե՞ս կամ զորագլխի մոտ”»։ Բայց կինն ասաց. «Ես գոհ եմ, որ իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։ 14Եվ նա ասաց. «Ուրեմն ի՞նչ պետք է անել նրա համար»։ Եվ Գեեզին ասաց. «Իրավ, ինքը որդի չունի, և մարդն էլ ծեր է»։ 15Եվ ասաց. «Կանչի՛ր նրան»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց դռանը։ 16Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։ 17Կինը հղիացավ և մի որդի ծնեց հաջորդ տարին այդ նույն ժամանակ, ինչպես նրան ասել էր Եղիսեն։
18Երեխան մեծացավ և մի օր գնաց հնձվորների՝ իր հոր մոտ։ 19Եվ ասաց իր հորը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։ Հայրն ասաց ծառային. «Նրան տա՛ր իր մոր մոտ»։ 20Նա վերցրեց նրան ու տարավ իր մոր մոտ, և նա մինչև կեսօր մնաց մոր ծնկների վրա ու մեռավ։ 21Կինը ելավ վեր, նրան պառկեցրեց Աստծու մարդու անկողնու վրա, դուռը կողպեց վրան ու գնաց։ 22Եվ իր մարդուն կանչեց ու ասաց. «Ծառաներից մեկին ուղարկի՛ր ինձ մոտ և էշերից էլ մի էշ, որ շտապ գնամ Աստծու մարդու մոտ ու ետ գամ»։ 23Եվ նա ասաց. «Ինչո՞ւ ես այսօր նրա մոտ գնում. ո՛չ ամսամուտ է, ո՛չ շաբաթ»։ Կինն ասաց. «Հանգի՛ստ եղիր»։ 24Նա համետեց էշը և ասաց ծառային. «Քշի՛ր ու գնա՛, և մինչև քեզ չասեմ, չկանգնեցնես»։ 25Նա գնաց ու հասավ Աստծու մարդուն Կարմեղոս սարի վրա։ Երբ Աստծու մարդը հեռվից տեսավ նրան, այդ ժամանակ իր ծառա Գեեզիին ասաց. «Սա սունամացի այն կինն է։ 26Հիմա վազի՛ր, նրան դիմավորի՛ր և ասա՛ նրան. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Եվ նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։ 27Կինը գնաց սարը՝ Աստծու մարդու մոտ, և բռնեց նրա ոտքերից. Գեեզին մոտեցավ, որ նրան ետ քաշի, բայց Աստծու մարդն ասաց. «Թո՛ղ դրան, որովհետև նրա սրտում ցավ կա, և Տերը ծածկել է ինձնից և ինձ չի իմացրել»։ 28Ապա նա ասաց. «Ես իմ տիրոջից որդի խնդրեցի՞, չասացի՞, որ ինձ մի՛ խաբիր»։ 29Եվ Եղիսեն Գեեզիին ասաց. «Մեջքիդ գոտի՛ կապիր, ձե՛ռքդ առ իմ գավազանը և գնա՛. եթե մարդու հանդիպես, նրան բարև մի՛ տուր։ Եվ եթե քեզ մեկը բարև տա, պատասխան մի՛ տուր նրան և իմ գավազանը տա՛ր ու դի՛ր երեխայի երեսին»։ 30Բայց երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, որ ես քեզ չեմ լքելու»։ Եվ նա վեր կացավ ու գնաց այդ կնոջ ետևից։ 31Գեեզին գնաց նրանցից առաջ և գավազանը դրեց երեխայի երեսին, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ էլ կյանքի նշան։ Եվ նա ետ դարձավ, դիմավորեց Եղիսեին ու պատմեց նրան՝ ասելով. «Երեխան չզարթնեց»։ 32Երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա։ 33Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից և աղոթեց Տիրոջը։ 34Վեր կացավ, պառկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ափերը՝ նրա ափերին և երբ կռացավ նրա վրա, երեխայի մարմինը տաքացավ։ 35Եվ ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց և վեր կացավ ու կրկին կռացավ նրա վրա. երեխան յոթ անգամ փռշտաց. երեխան բացեց իր աչքերը։ 36Նա կանչեց Գեեզիին. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Երբ նա նրան կանչեց, և կինը եկավ նրա մոտ, նա ասաց. «Ա՛ռ քո երեխային»։ 37Կինը եկավ ու ընկավ նրա ոտքերը, մինչև գետին խոնարհվեց և վերցնելով իր որդուն՝ գնաց։
Երկու հրաշքները
38Եղիսեն վերադարձավ Գաղգաղա։ Այդ երկրում սով էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ նա ասաց իր ծառային. «Մեծ կաթսան դի՛ր և ապո՛ւր եփիր մարգարեների խմբի համար»։ 39Նրանցից մեկը դաշտ դուրս եկավ՝ կանաչեղեն հավաքելու։ Եվ վայրի որթ գտավ ու նրանից վայրի վարունգ քաղեց՝ շալակը լիքը, և եկավ ու դրանք մանրեց ապուրի կաթսայի մեջ, քանի որ չգիտեին, թե ինչ էր։ 40Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։ 41Եվ նա ասաց. «Ալյո՛ւր բերեք»։ Ալյուրը լցրեց կաթսան և ասաց. «Լցրո՛ւ մարդկանց համար, թող ուտեն»։ Կաթսայում այլևս վատ բան չկար։
42Բահաղ-Սաղիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջին բերքից հաց բերեց՝ քսան հատ գարու հաց և թարմ հասկեր պարկով, և Եղիսեն ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն»։ 43Նրա ծառան ասաց. «Այս ի՞նչ է, որ դնեմ հարյուր մարդու առաջ»։ Բայց նա ասաց. «Տո՛ւր մարդկանց, որ ուտեն, որովհետև այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և դեռ պիտի ավելանա”»։ 44Նա դրեց նրանց առաջ, և նրանք կերան, և Տիրոջ խոսքի համաձայն ավելացավ էլ։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք