Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3
3
Իսրայելի և Մովաբի պատերազմը
1Աքաաբի որդի Հովրամն Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Հոսափատ թագավորի տասնութերորդ տարում և թագավորեց տասներկու տարի։ 2Եվ չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ոչ թե իր հոր և իր մոր պես, թեև վերացրեց իր հոր շինած Բահաղի արձանը։ 3Սակայն հետևեց Նաբատի որդի Հերոբովամի այն մեղքին, որով նա մեղանչել էր տվել Իսրայելին. չհեռացավ դրանից։
4Մովաբացիների Մեսա թագավորը ոչխարարած էր, և նա Իսրայելի թագավորին հարյուր հազար գառ էր տալիս և հարյուր հազար խոյի բուրդը։ 5Երբ Աքաաբ թագավորը մեռավ, Մովաբի թագավորն ապստամբեց Իսրայելի թագավորի դեմ։ 6Այդ ժամանակ Հովրամը դուրս եկավ Սամարիայից և ամբողջ Իսրայելի զորահավաք արեց։ 7Եվ գնաց ու մարդ ուղարկեց Հուդայի Հոսափատ թագավորի մոտ՝ ասելով. «Մովաբացիների թագավորն ապստամբել է իմ դեմ. ինձ հետ կգա՞ս պատերազմելու մովաբացիների դեմ»։ Եվ նա ասաց. «Կգամ. ինչպես որ դու, այնպես էլ ես, ինչպես որ քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, ինչպես որ քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։ 8Եվ նա ասաց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Նա էլ ասաց. «Եդովմի անապատի ճանապարհով»։ 9Եվ գնացին Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորը և Եդովմի թագավորը և յոթ օր պտույտ տվեցին, և ջուր չկար ո՛չ բանակի համար և ո՛չ էլ նրանց հետ եղած անասունների համար։
10Իսրայելի թագավորն ասաց. «Ափսո՜ս, որ Տերը կանչել է երեք թագավորներիս, որ Մովաբի թագավորի ձեռքը մատնի»։ 11Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ մի մարգարե չկա՞, որ Տիրոջ խոսքը հարցնենք նրանից»։ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեն, որը ջուր էր լցնում Եղիայի ձեռքերին#3.11 Այսինքն՝ Եղիայի ծառան էր։»։ 12Հոսափատն ասաց. «Տիրոջ խոսքը կա նրա մոտ»։ Իսրայելի թագավորը, Հոսափատն ու Եդովմի թագավորն իջան նրա մոտ։ 13Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Դու ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր մարգարեների մոտ և քո մոր մարգարեների մոտ»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Ո՛չ, որովհետև Տերն այս երեք թագավորներին կանչել է, որ նրանց մատնի Մովաբի թագավորի ձեռքը»։ 14Եղիսեն ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. եթե ես չհարգեի Հուդայի Հոսափատ թագավորին, քեզ նույնիսկ չէի նայելու և չէի տեսնելու քեզ։ 15Բայց հիմա մի նվագածո՛ւ բերեք ինձ համար»։ Եվ երբ նվագածուն նվագում էր, Տիրոջ ձեռքն իջավ Եղիսեի վրա։ 16Եվ նա ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս հեղեղատի մեջ փոսե՛ր արեք”։ 17Որովհետև Տերն այսպես է ասում. “Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները”։ 18Բայց սա մի թեթև բան է Տիրոջ աչքին. նա Մովաբն էլ պիտի հանձնի ձեր ձեռքը։ 19Եվ դուք պիտի ջարդեք բոլոր պարսպապատ քաղաքներն ու բոլոր ընտիր քաղաքները և պիտի կտրատեք բոլոր պտղատու ծառերը, խցանեք ջրի բոլոր աղբյուրներն ու քարերով փչացնեք բոլոր ընտիր արտերը»։ 20Եվ առավոտյան զոհը մատուցելիս ահա ջրեր էին գալիս Եդովմի կողմից, և երկիրը լցվեց ջրով։
21Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, հավաքվեցին բոլոր նրանք, որոնք կարող էին սուր կապել, և ավելի մեծերն էլ, ու կանգնեցին սահմանի վրա։ 22Վաղ առավոտյան վեր կացան, ու երբ արեգակը ծագեց ջրերի վրա, մովաբացիներն այդ ժամանակ հեռվից նայեցին ջրերին, որ կարմիր էին արյան պես։ 23Եվ ասում էին. «Սա արյուն է. թագավորները կռվել են իրար հետ և ջարդել են իրար։ Եվ արդ, ո՛վ մովաբացիներ, գնանք ավարի»։ 24Եվ եկան դեպի Իսրայելի բանակը, բայց իսրայելացիները վեր կացան ու ջարդեցին մովաբացիներին. նրանք փախան նրանց առաջից, բայց նրանք մտան մովաբացիների երկիրը և ջարդեցին մովաբացիներին։ 25Քաղաքները քանդեցին, և ամեն մարդ իր քարը գցեց բոլոր մշակված արտերի մեջ. քարով լցրին դրանք և խցանեցին ջրի բոլոր աղբյուրները և կտրատեցին բոլոր պտղատու ծառերը, այնպես որ միայն քարե պատերը մնացին Կիր-Հարեսեթում, իսկ պարսատիկավորները պաշարեցին այն և կործանեցին։ 26Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ ճակատամարտը սաստկացավ իր դեմ, յոթ հարյուր սուսերակիր զինվորներ վերցրեց իր հետ, որպեսզի ճեղքեն և հասնեն Եդովմի թագավորին, բայց չկարողացան։ 27Եվ նա վերցրեց իր անդրանիկ որդուն, որը պիտի թագավորեր իր փոխարեն, և նրան ողջակեզ մատուցեց պարսպի վրա. դա մեծ բարկություն հարուցեց իսրայելացիների դեմ. և նրանք ետ քաշվեցին նրանից ու վերադարձան իրենց երկիրը։
Արդեն Ընտրված.
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018