Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:1-30

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:1-30 ՆՎԱԱ

Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասին Բաբելոնի թագավորը՝ Նաբուգոդոնոսորը, եկավ Երուսաղեմի դեմ, ինքը և իր ամբողջ զորքը, և բանակ դրեց Երուսաղեմի դիմաց ու պատնեշներ շինեց շուրջը։ Քաղաքը պաշարման մեջ էր մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։ Եվ չորրորդ ամսվա իննին, երբ սովը սաստկացել էր քաղաքում, և հաց չկար երկրի ժողովրդի համար, քաղաքի պատնեշի մեջ մի խրամատ բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան երկու պարիսպների միջի դռան ճանապարհով, որը թագավորի պարտեզի մոտ էր. մինչդեռ քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Թագավորը գնաց Արաբայի ճանապարհով։ Սակայն քաղդեացիների զորքերն ընկան թագավորի ետևից և Երիքովի դաշտերում հասան նրան, և նրա ամբողջ զորքը ցրվեց նրա մոտից։ Եվ թագավորին բռնեցին ու նրան տարան Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դատաստանն արեցին։ Եվ Սեդեկիայի որդիներին մորթեցին նրա աչքերի առաջ, Սեդեկիայի աչքերը կուրացրին և պղնձե շղթաներով կապեցին ու նրան տարան Բաբելոն։ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթին Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարադան թիկնապահների պետը եկավ Երուսաղեմ. այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և կրակի մատնեց ամեն մի մեծ տուն։ Քաղդեացիների բոլոր զորքերը, որոնք թիկնապահների պետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող պարիսպները։ Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն փախստականներին, որոնք անձնատուր էին եղել Բաբելոնի թագավորին, և մնացած բազմությանը Նաբուզարադան թիկնապահների պետը գերի տարավ։ Բայց թիկնապահների պետը երկրի աղքատներից մարդիկ թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։ Եվ քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տանը եղած պղնձե սյուները, պատվանդանները և պղնձե ծովը, որը Տիրոջ տանն էր, և նրանց պղինձը տարան Բաբելոն։ Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։ Եվ թիկնապահների պետը վերցրեց բուրվառներն ու կոնքերը. որը ոսկե էր՝ ոսկին, և որն արծաթ էր՝ արծաթը։ Այն երկու սյուները և մեկ ծովն ու պատվանդանները, որոնք շինել էր Սողոմոնը Տիրոջ տան համար. չափ ու կշիռ չկար այս բոլոր անոթների պղնձին։ Տասնութ կանգուն բարձր էր մեկ սյունը, և նրա վրա կար պղնձե մի խոյակ. երեք կանգուն էր խոյակի բարձրությունը, խոյակի վրա շուրջանակի ցանցաձև զարդեր և նռներ կային՝ բոլորն էլ պղնձե. մյուս սյունն էլ սրա նման ցանցաձև էր։ Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին, քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց վերակացու էր, և հինգ մարդ թագավորի խորհրդականներից, որոնք գտնվում էին քաղաքում, և զորքի գլխավոր դպրապետին, որը ժողովրդին զինվորագրողն էր, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք գտնվում էին քաղաքում. Նաբուզարադան թիկնապահների պետը վերցրեց նրանց և ուղարկեց Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ։ Բաբելոնի թագավորը զարկեց ու սպանեց նրանց Եմաթի երկրում՝ Ռեբղայում։ Եվ Հուդայի որդիները գերի գնացին իրենց երկրից։ Հուդայի երկրում մնացած այն ժողովրդի վրա, որին թողել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, իշխան նշանակեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։ Եվ երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային կառավարիչ է նշանակել, եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ, իրենք և իրենց մարդիկ. այսինքն՝ Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, Թանհումեթի որդի նետոփանեցի Սարայիան և Մաքաթիի որդի Հեզոնիան։ Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց նրանց. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաներից, մնացե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»։ Եվ պատահեց, որ յոթերորդ ամսին թագավորազն Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը տասը մարդու հետ եկավ, և զարկեցին Գոդողիային. նա մեռավ. նմանապես և այն հրեաներին ու քաղդեացիներին, որոնք նրա հետ Մասփայում էին։ Ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, և զորքի իշխանները վեր կացան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։ Հուդայի թագավոր Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթին Բաբելոնի Իլմարովդաք թագավորը իր թագավոր դառնալու առաջին տարին ողորմած գտնվեց Հուդայի թագավոր Հովաքինի հանդեպ և նրան հանեց բանտից։ Նրա հետ խոսեց քաղցրությամբ և նրա աթոռը Բաբելոնում իր հետ եղող բոլոր այն թագավորների աթոռից ավելի վեր դրեց։ Փոխեց նրա բանտային հագուստները, և նա իր կյանքի բոլոր օրերին միշտ նրա մոտ էր հաց ուտում։ Եվ նրա ռոճիկը, որ մշտական ռոճիկ էր, թագավորի կողմից ամեն օր տրվում էր նրան՝ նրա կյանքի բոլոր օրերին։