Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

23
Թագավորը հեռացնում է կռապաշտությունը
(Բ Մն. 34.3-7, 29-33)
1Թագավորը մարդիկ ուղարկեց, և Հուդայի և Երուսաղեմի բոլոր ծերերին հավաքեցին նրա մոտ։ 2Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։ 3Թագավորը կանգնել էր սյան մոտ և Տիրոջ առաջ ուխտ արեց հետևել Տիրոջը և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները՝ կատարելու համար ուխտի այն խոսքերը, որ գրված էին այդ գրքում. և ամբողջ ժողովուրդը մտավ ուխտի մեջ։
Կրոնական բարեփոխումներ Հուդայում
4Թագավորը հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ քահանաներին և դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս հանեն Բահաղի ու Աստարովթի համար և երկնքի բոլոր զորությունների համար շինված բոլոր իրերը, և դրանք այրեց Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի դաշտավայրում, ու նրանց մոխիրը տարավ Բեթել։ 5Եվ հեռացրեց այն քրմերին, որոնց դրել էին Հուդայի թագավորները, և որոնք խունկ էին ծխում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը եղած Բարձր տեղերում, և որոնք խունկ էին ծխում Բահաղին, արեգակին և լուսնին, համաստեղություններին և երկնքի բոլոր զորություններին։ 6Եվ Տիրոջ տանից հանեց Աստարովթը, տարավ Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի հեղեղատի մոտ, և այրեց այն Կեդրոնի հեղեղատի մոտ, փշրեց, փոշի դարձրեց և նրա փոշին ցանեց ժողովրդի որդիների գերեզմանների վրա։ 7Եվ քանդեց իգացողների տները, որոնք գտնվում էին Տիրոջ տան մեջ, որտեղ կանայք ծածկոցներ էին գործում Աստարովթի համար։ 8Եվ Հուդայի քաղաքներից հանեց բոլոր քահանաներին, Երուսաղեմ բերեց և պղծեց Բարձր տեղերը, որտեղ քահանաները խունկ էին ծխում՝ Գաբայից մինչև Բերսաբեե, և քանդեց քաղաքների Բարձր տեղերը, որոնք քաղաքի իշխան Հեսուի դռան մուտքի մոտ էին, որը գտնվում էր քաղաքի դռան աջ կողմը։ 9Սակայն Բարձր տեղերի քահանաները չէին գնում Երուսաղեմում գտնվող Տիրոջ սեղանի մոտ, բայց բաղարջը ուտում էին իրենց եղբայրների հետ։ 10Եվ նա պղծեց Տոփեթը, որը գտնվում էր Ենովմի որդու ձորում, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ աղջկան Մողոքի համար չայրի կրակով որպես ողջակեզ։ 11Եվ հեռացրեց այն ձիերը, որ Հուդայի թագավորները նվիրել էին արեգակին և դրել Տիրոջ տան մուտքի առջև՝ Նաթանմելեք ներքինու սենյակի մոտ, Փարուրիմում#23.11 Տաճարի շրջափակի մեջ։, արեգակի կառքերն այրեց կրակով։ 12Եվ այն սեղանները, որոնք Աքազի վերնատան տանիքի վրա էին, և որոնք շինել էին Հուդայի թագավորները, և Մանասեի շինած զոհասեղանները, որոնք Տիրոջ տան երկու գավիթներում էին, քանդեց և այնտեղից ոչնչացրեց ու նրանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։ 13Եվ այն Բարձր տեղերը, որոնք Երուսաղեմի դիմաց էին՝ Ապականության սարի աջ կողմում, և որոնք շինել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը սիդոնացիների գարշելի Աստարովթի համար, մովաբացիների գարշելի Քամովսի համար և Ամմոնի որդիների պիղծ Մեղքոմի համար, թագավորը պղծեց։ 14Արձանները փշրեց, աստարովթները կոտրատեց և նրանց տեղը մարդու ոսկորներ լցրեց։
15Նաև այն սեղանը, որը Բեթելում էր, և այն բարձր տեղը, որը շինել էր Նաբատի որդի Հերոբովամը, որ մեղանչել էր տվել Իսրայելին, այդ զոհասեղանն ու Բարձր տեղն էլ քանդեց. և Բարձր տեղն այրեց, մանրեց ու փոշի դարձրեց. այրեց նաև Աստարովթը։ 16Հովսիան երեսը դարձրեց դեպի սարը, տեսավ այն գերեզմանները, որոնք այնտեղ՝ սարի վրա էին, մարդ ուղարկեց և գերեզմաններից հանեց ոսկորները, այրեց սեղանի վրա և պղծեց այն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ բարձրաձայն աղաղակելով ասել էր Աստծու մարդը։ 17Եվ թագավորն ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ»։ Այն քաղաքի մարդիկ ասացին. «Դա Աստծու մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայից և Բեթելի այս սեղանի մասին ասաց այն խոսքերը, որ դու արեցիր»։ 18Թագավորն ասաց. «Հանգի՛ստ թողեք դրան, ոչ ոք նրա ոսկորները չշարժի տեղից»։ Եվ նրա ոսկորները պահեցին Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ։ 19Հովսիան վերացրեց Սամարիայի քաղաքներում եղած այն Բարձր տեղերը, որոնք շինել էին Իսրայելի թագավորները՝ Տիրոջը բարկացնելով, և դրանց հետ էլ արեց այն ամենը, ինչ արել էր Բեթելում։ 20Եվ այնտեղի Բարձր տեղերի բոլոր քահանաներին մորթեց զոհասեղանների վրա և մարդու ոսկորներ այրեց նրանց վրա, հետո վերադարձավ Երուսաղեմ։
Հովսիան տոնում է Զատիկը
(Բ Մն. 35.1-19)
21Թագավորն ամբողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Զատի՛կ կատարեք ձեր Տեր Աստծու համար, ինչպես գրված է այս ուխտի գրքում»։ 22Որովհետև այդպիսի զատիկ չէր կատարվել Իսրայելը կառավարող դատավորների օրերից ի վեր և Իսրայելի թագավորների և Հուդայի թագավորների օրոք։ 23Բայց Հովսիա թագավորի տասնութերորդ տարում այս զատիկը Տիրոջ համար կատարվեց Երուսաղեմում։
Հովսիան ուրիշ բարեփոխումներ է անում
24Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։ 25Եվ նրանից առաջ նրա պես մի թագավոր չէր եղել, որ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ դարձած լիներ դեպի Տերը՝ Մովսեսի ամբողջ օրենքի համաձայն, և ոչ էլ նրանից հետո նրա նմանը եղավ։ 26Սակայն Տերը ետ չդարձավ բորբոքված իր մեծ բարկությունից, որը բորբոքվել էր Հուդայի դեմ՝ պատճառած այն բոլոր չարիքների համար, որոնցով Մանասեն բարկացրել էր նրան։ 27Եվ Տերն ասաց. «Հուդային էլ պիտի մերժեմ իմ երեսից, ինչպես որ մերժեցի Իսրայելին, և պիտի դեն գցեմ այս քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այս տունը, որի համար ասացի. “Իմ անունը պիտի լինի այնտեղ”»։
Հովսիայի թագավորության վախճանը
(Բ Մն. 35.20–36.1)
28Հովսիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
29Նրա օրերին էր, երբ Եգիպտոսի թագավորը՝ Նեքավով փարավոնը, Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի վրա։ Հովսիա թագավորը նրան ընդառաջ գնաց, բայց նա հենց որ տեսավ Հովսիային, նրան սպանեց Մակեդդովում։ 30Նրա ծառաները նրա դիակը դրեցին կառքի մեջ և այն բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, և նրան օծեցին ու թագավոր դրեցին իր հոր փոխարեն։
Հուդայի Հովաքազ թագավորը
(Բ Մն. 36.2-4)
31Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։ 32Նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։ 33Եվ Նեքավով փարավոնը նրան բանտարկեց Եմաթի երկրում՝ Ռեբզայի մեջ, որպեսզի չթագավորի Երուսաղեմում, և երկրի վրա տուգանք դրեց՝ հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի։ 34Եվ Նեքավով փարավոնը Հովսիայի որդուն՝ Եղիակիմին, թագավոր դրեց իր հայր Հովսիայի փոխարեն և նրա անունը Հովակիմի փոխեց, իսկ Հովաքազին վերցրեց ու տարավ Եգիպտոս, և նա մեռավ այնտեղ։
Հուդայի Հովակիմ թագավորը
(Բ Մն. 36.5-8)
35Հովակիմը արծաթն ու ոսկին տվեց փարավոնին. բայց որպեսզի արծաթը տար փարավոնի պահանջածի պես, նա հարկ դրեց երկրի վրա. յուրաքանչյուր մարդուց, երկրի ժողովրդից պահանջեց իր դրած հարկի չափ արծաթն ու ոսկին, որպեսզի Նեքավով փարավոնին տա։
36Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Զաբիդա էր՝ ռումացի Փադայիայի դուստրը։ 37Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք