Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1-11

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1-11 ՆՎԱԱ

Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ Ամովսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քո տան համար կարգադրի՛ր, որովհետև դու պիտի մեռնես և չես ապրելու”»։ Եվ նա իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը՝ ասելով. «Աղաչում եմ, ո՛վ Տեր, հիշի՛ր հիմա, որ ես հավատարմությամբ և կատարյալ սրտով եմ գնացել քո առջև և արել եմ այն, ինչ հաճելի է եղել քեզ»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։ Եվ Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին գավիթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը՝ ասելով. «Ե՛տ դարձիր, իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. "Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը. ահա ես պիտի քեզ բժշկեմ, և երրորդ օրը պիտի ելնես ու գնաս Տիրոջ տուն։ Ես քո օրերի վրա տասնհինգ տարի պիտի ավելացնեմ և քեզ ու այս քաղաքն ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պաշտպանեմ այս քաղաքն ինձ համար և իմ ծառա Դավթի համար"”»։ Եվ Եսայիան ասաց. «Չորացրած թո՛ւզ բերեք»։ Վերցրին ու դրեցին վերքի վրա, և նա առողջացավ։ Եզեկիան ասաց Եսայիային. «Ի՞նչն է լինելու այն նշանը, թե Տերը բժշկելու է ինձ, և ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տուն»։ Եսայիան ասաց. «Սա քեզ համար նշան լինի Տիրոջից, որ Տերը պիտի անի իր ասած խոսքը. “Ստվերը տասը աստիճան առաջ գնա՞, թե՞ տասը աստիճան ետ դառնա”»։ Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։ Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով։