Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

20
Եզեկիայի հիվանդությունը և կազդուրումը
(Ես. 38.1-8,  21-22, Բ Մն. 32.24-26)
1Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ Ամովսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քո տան համար կարգադրի՛ր, որովհետև դու պիտի մեռնես և չես ապրելու”»։ 2Եվ նա իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը՝ ասելով. 3«Աղաչում եմ, ո՛վ Տեր, հիշի՛ր հիմա, որ ես հավատարմությամբ և կատարյալ սրտով եմ գնացել քո առջև և արել եմ այն, ինչ հաճելի է եղել քեզ»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։
4Եվ Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին գավիթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը՝ ասելով. 5«Ե՛տ դարձիր, իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. "Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը. ահա ես պիտի քեզ բժշկեմ, և երրորդ օրը պիտի ելնես ու գնաս Տիրոջ տուն։ 6Ես քո օրերի վրա տասնհինգ տարի պիտի ավելացնեմ և քեզ ու այս քաղաքն ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պաշտպանեմ այս քաղաքն ինձ համար և իմ ծառա Դավթի համար"”»։ 7Եվ Եսայիան ասաց. «Չորացրած թո՛ւզ բերեք»։ Վերցրին ու դրեցին վերքի վրա, և նա առողջացավ։
8Եզեկիան ասաց Եսայիային. «Ի՞նչն է լինելու այն նշանը, թե Տերը բժշկելու է ինձ, և ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տուն»։ 9Եսայիան ասաց. «Սա քեզ համար նշան լինի Տիրոջից, որ Տերը պիտի անի իր ասած խոսքը. “Ստվերը տասը աստիճան առաջ գնա՞, թե՞ տասը աստիճան ետ դառնա”»։ 10Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։ 11Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով։
Բաբելոնի պատգամավորները
(Ես. 39.1-8)
12Այդ ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, թե Եզեկիան հիվանդացել է։ 13Եզեկիան լսեց նրանց և նրանց ցույց տվեց իր թանկարժեք իրերի տունը, արծաթը, ոսկին, խունկերը և պատվական յուղը, իր զենքերի ամբողջ տունը, այն ամենը, ինչ գտնվում էր իր գանձարաններում։ Չկար մի բան, որ լիներ իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ, և Եզեկիան նրանց ցույց տված չլիներ։
14Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ ասացին այդ մարդիկ և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եվ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից են եկել՝ Բաբելոնից»։ 15Եվ ասաց. «Ի՞նչ են տեսել քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսել են, իմ գանձարաններում չկա մի բան, որ ես նրանց ցույց տված չլինեմ»։ 16Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խոսքը. 17“Ահա գալու են օրեր, և քո տանը ինչ որ կա, և ինչ որ էլ հավաքել են քո հայրերը մինչև այսօր, ամեն ինչ պիտի տարվի Բաբելոն, ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։- 18Եվ քո որդիներից ոմանց, որոնք քոնն են և ծնվելու են քեզնից, պիտի վերցնեն, և նրանք ներքինիներ պիտի լինեն Բաբելոնի թագավորի պալատում”»։ 19Եզեկիան ասաց Եսայիային. «Բարի է Տիրոջ խոսքը, որ դու ասացիր»։ Նա շարունակեց. «Չէ՞ որ խաղաղություն և ապահովություն պիտի լինի իմ օրերին»։
Եզեկիայի թագավորության վերջը
(Բ Մն. 32.32-33)
20Եվ Եզեկիայի մնացած գործերի, նրա ամբողջ քաջագործության, նրա շինած ավազանի ու ջրմուղի մասին և ջուրը քաղաք բերելու մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 21Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք