Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:13-25

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:13-25 ՆՎԱԱ

Ապա վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, ետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին։ Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։ Մարգարեների խումբը, որոնք դիմացը՝ Երիքովում էին, տեսան նրան և ասացին. «Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա»։ Եվ եկան նրան դիմավորելու և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ։ Եվ ասացին նրան. «Ահա քո ծառաների հետ հիսուն զորավոր մարդիկ կան, թող գնան և որոնեն քո տիրոջը. գուցե Տիրոջ Հոգին նրան վեր է առել և գցել մի սարի վրա կամ հովիտներից մեկի մեջ»։ Եվ նա ասաց՝ մի՛ ուղարկեք։ Բայց նրանք ստիպեցին նրան, մինչև որ ամաչեց և ասաց՝ ուղարկե՛ք։ Եվ նրանք հիսուն մարդ ուղարկեցին, և նրանք որոնեցին երեք օր, բայց չգտան նրան։ Եվ վերադարձան նրա մոտ. նա նստած էր Երիքովում. նրանց ասաց. «Ես ձեզ չասացի՞, թե՝ մի՛ գնացեք»։ Եվ այդ քաղաքի մարդիկ ասացին Եղիսեին. «Ահա այս քաղաքի դիրքը լավ է, ինչպես որ տեսնում է իմ տերը, բայց ջուրը վատ է, իսկ հողը՝ անպտուղ»։ Եվ նա ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք և մեջը ա՛ղ դրեք»։ Եվ կուժը բերեցին նրա մոտ։ Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այստեղից այլևս մահ և անպտղություն չի լինի”»։ Եվ այդ ջրերը բժշկվեցին մինչև այսօր՝ Եղիսեի ասած խոսքի համաձայն։ Եվ նա այնտեղից գնաց Բեթել. և երբ ճանապարհով ելնում էր դեպի վեր, քաղաքից փոքրիկ տղաներ դուրս եկան և ծաղրելով ասում էին նրան. «Վե՛ր եկ, կնդակ, վե՛ր եկ, կնդակ»։ Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անիծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին։ Այնտեղից գնաց Կարմեղոս սարը, այնտեղից էլ ետ եկավ Սամարիա։