Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

2
Եղիան երկինք է համբարձվում
1Եվ երբ Տերը Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, այդ ժամանակ Եղիան և Եղիսեն գնացին Գաղգաղայից։ 2Եվ Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է մինչև Բեթել». և Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Բեթել։ 3Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և նրան ասացին. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Եվ նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։ 4Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, Եղիսե՛, որովհետև Տերն ինձ ուղարկում է Երիքով»։ Եվ նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Երիքով։ 5Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին նրան. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։ 6Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է Հորդանան»։ Նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ երկուսն էլ գնացին։ 7Եվ մարգարեների որդիներից հիսուն մարդ գնացին և հեռվում կանգնեցին նրանց դիմաց, իսկ նրանք երկուսն էլ կանգնել էին Հորդանանի մոտ։ 8Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին. ջուրը բաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։
9Եվ երբ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզնից վեր չեմ առնվել»։ Եղիսեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»։ 10Եվ նա ասաց. «Դժվար բան խնդրեցիր. եթե քեզնից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի»։
11Մինչ նրանք գնում էին և գնալով խոսում, ահա հրեղեն մի կառք և հրեղեն ձիեր բաժանեցին նրանց երկուսին. և Եղիան մրրիկով վեր ելավ երկինք։ 12Իսկ Եղիսեն նայում էր և կանչում. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի կառքերը և նրա ձիավորները». և այլևս չտեսավ նրան, բռնեց իր հանդերձներից, պատռեց դրանք և երկու կտոր արեց։ 13Ապա վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, ետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին։ 14Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։
15Մարգարեների խումբը, որոնք դիմացը՝ Երիքովում էին, տեսան նրան և ասացին. «Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա»։ Եվ եկան նրան դիմավորելու և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ։ 16Եվ ասացին նրան. «Ահա քո ծառաների հետ հիսուն զորավոր մարդիկ կան, թող գնան և որոնեն քո տիրոջը. գուցե Տիրոջ Հոգին նրան վեր է առել և գցել մի սարի վրա կամ հովիտներից մեկի մեջ»։ Եվ նա ասաց՝ մի՛ ուղարկեք։ 17Բայց նրանք ստիպեցին նրան, մինչև որ ամաչեց և ասաց՝ ուղարկե՛ք։ Եվ նրանք հիսուն մարդ ուղարկեցին, և նրանք որոնեցին երեք օր, բայց չգտան նրան։ 18Եվ վերադարձան նրա մոտ. նա նստած էր Երիքովում. նրանց ասաց. «Ես ձեզ չասացի՞, թե՝ մի՛ գնացեք»։
Եղիսեի հրաշքները
19Եվ այդ քաղաքի մարդիկ ասացին Եղիսեին. «Ահա այս քաղաքի դիրքը լավ է, ինչպես որ տեսնում է իմ տերը, բայց ջուրը վատ է, իսկ հողը՝ անպտուղ»։ 20Եվ նա ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք և մեջը ա՛ղ դրեք»։ Եվ կուժը բերեցին նրա մոտ։ 21Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այստեղից այլևս մահ և անպտղություն չի լինի”»։ 22Եվ այդ ջրերը բժշկվեցին մինչև այսօր՝ Եղիսեի ասած խոսքի համաձայն։
23Եվ նա այնտեղից գնաց Բեթել. և երբ ճանապարհով ելնում էր դեպի վեր, քաղաքից փոքրիկ տղաներ դուրս եկան և ծաղրելով ասում էին նրան. «Վե՛ր եկ, կնդակ, վե՛ր եկ, կնդակ»։ 24Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անիծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին։ 25Այնտեղից գնաց Կարմեղոս սարը, այնտեղից էլ ետ եկավ Սամարիա։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում