Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

16
Հուդայի Աքազ թագավորը
(Բ Մն. 28.1-27)
1Ռովմելայի որդի Փակեեի տասնյոթերորդ տարում թագավոր դարձավ Աքազը՝ Հուդայի Հովաթամ թագավորի որդին։ 2Աքազը քսան տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում. նա ուղիղ չընթացավ, ինչպես իր հայր Դավիթն էր ուղիղ ընթացել Տեր Աստծու աչքի առաջ, 3այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով և իր որդուն էլ կրակով այրեց այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ 4Եվ զոհ էր մատուցում ու խունկ էր ծխում Բարձր տեղերում ու բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։
5Այն ժամանակ ասորիների Ռասին թագավորը և Ռովմելայի որդի Փակեեն՝ Իսրայելի թագավորը, վեր կացան պատերազմելու Երուսաղեմի դեմ և պաշարեցին Աքազին, բայց չկարողացան հաղթել նրան։ 6Այդ ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերադարձրեց ասորիներին և Հուդայի որդիներին դուրս արեց Ելաթից։ Ասորիները եկան Ելաթ և մինչև այսօր բնակվում են այնտեղ։ 7Աքազը պատգամավորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորի մոտ՝ ասելով. «Ես քո ծառան և քո որդին եմ. ե՛կ և ինձ ազատի՛ր ասորիների թագավորի ձեռքից և Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»։ 8Աքազը վերցրեց այն արծաթն ու այն ոսկին, որոնք գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում, և ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։ 9Ասորեստանի թագավորը նրան լսեց. Ասորեստանի թագավորը գնաց Դամասկոսի դեմ և այն վերցրեց ու նրա բնակիչներին գերի տարավ Կիր և սպանեց Ռասինին։
10Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ դիմավորելու Թագղաթ-Փաղասարին, տեսավ Դամասկոսի սեղանը, և Աքազ թագավորն այդ զոհասեղանի օրինակն ու նրա ձևը, ըստ նրա ամբողջ շինվածքի, ուղարկեց Ուրիա քահանային։ 11Ուրիա քահանան մի սեղան շինեց ըստ այն օրինակի, որ Աքազ թագավորն ուղարկել էր Դամասկոսից, և այն ավարտեց մինչև Դամասկոսից Աքազ թագավորի գալը։ 12Երբ թագավորը եկավ Դամասկոսից, տեսավ զոհասեղանը. թագավորը մոտեցավ զոհասեղանին և նրա վրա ողջակեզ մատուցեց։ 13Եվ զոհաբերեց իր ողջակեզն ու իր հացի ընծան և թափեց իր հեղելու նվերը և խաղաղության իր զոհի արյունը շաղ տվեց այն զոհասեղանի վրա։ 14Պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, տաճարի առջևից՝ նոր զոհասեղանի և Տիրոջ տան մեջտեղից, տեղափոխեց ու դրեց նոր սեղանի մոտ՝ դեպի հյուսիս։ 15Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այդ մեծ սեղանի վրա այրի՛ր առավոտյան ողջակեզներն ու երեկոյան հացի ընծան և թագավորի ողջակեզն ու նրա հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզն ու նրանց հացի ընծան և ողջակեզների ամբողջ արյունն ու զոհերի ամբողջ արյունը հեղի՛ր նրա վրա, իսկ պղնձե զոհասեղանը թող մնա ինձ՝ գուշակություն անելու համար»։ 16Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես հրամայեց Աքազ թագավորը։ 17Աքազ թագավորը կոտրատեց կառքերի շրջանակյալ տախտակները, ավազանները վերցրեց նրանց վրայից, ծովն էլ ցած իջեցրեց պղնձե եզների վրայից, որոնք նրա տակ էին, և այն դրեց քարե հատակին։ 18Ե՛վ Շաբաթի ճանապարհը, որ ծածկոց ուներ, և շինել էին տաճարի համար, և՛ թագավորի պալատի դրսի ճանապարհը Ասորեստանի թագավորի պատճառով ուղղեց դեպի Տիրոջ տունը։
19Աքազի մնացած գործերի մասին, որ արել է, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 20Աքազը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Եզեկիան։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք