Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

14
Հուդայի Ամասիա թագավորը
(Բ Մն. 25.1-24)
1Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի երկրորդ տարում թագավորեց Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան։ 2Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան՝ Երուսաղեմից։ 3Եվ նա ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, բայց ոչ իր հոր՝ Դավթի նման. նա ամեն ինչ արեց իր հոր՝ Հովասի արածների պես։ 4Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ 5Եվ երբ թագավորությունը հաստատվեց նրա ձեռքին, սպանեց իր ծառաներին, որոնք սպանել էին իր հորը՝ թագավորին։ 6Բայց սպանողների որդիներին չսպանեց, ինչպես գրված է Մովսեսի Օրենքի գրքում, քանի որ Տերը հրամայեց՝ ասելով. «Հայրերը չսպանվեն որդիների հանցանքի համար, և որդիներն էլ չսպանվեն հայրերի փոխարեն, այլ ամեն մարդ սպանվի իր հանցանքի համար»։ 7Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելան#14.7 Վեմ։ առավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։
8Այդ ժամանակ Ամասիան պատգամավորներ ուղարկեց Իսրայելի թագավորի՝ Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ մի տեղ դեմառդեմ պատերազմենք»։ 9Բայց Իսրայելի Հովաս թագավորը մարդ ուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ՝ ասելով. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն և ասաց. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։ 10Արդարև, դու հաղթեցիր Եդովմին, և քո սիրտը հպարտացրել է քեզ. ծա՛նր կաց և տա՛նդ նստիր. ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ էլ՝ Հուդան»։ 11Բայց Ամասիան չլսեց։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը ելավ վեր, և ինքն ու Հուդայի Ամասիա թագավորը իրար դեմ պատերազմեցին Հուդայի Բեթսամյուսում։ 12Հուդան պարտվեց Իսրայելից, և ամեն մարդ փախավ իր վրանը։ 13Եվ Իսրայելի Հովաս թագավոր Բեթսամյուսում բռնեց Օքոզիայի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, և եկավ Երուսաղեմ ու քանդեց Երուսաղեմի պարիսպը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն երկարությամբ։ 14Վերցրեց ամբողջ այն ոսկին ու արծաթը և այն բոլոր անոթները, որ գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում և պատանդներ վերցրած՝ վերադարձավ Սամարիա։
15Հովասի մնացած գործերի մասին, որ նա արեց, և նրա քաջագործության ու նրա պատերազմի մասին, որ պատերազմեց Հուդայի Ամասիա թագավորի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 16Հովասը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Հերոբովամը թագավորեց նրա փոխարեն։
Հուդայի Ամասիա թագավորի մահը
(Բ Մն. 25.25-28)
17Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։ 18Ամասիայի մնացած գործերի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 19Երուսաղեմում դավադրություն արեցին նրա դեմ, և նա փախավ Լաքիս, բայց մարդ ուղարկեցին նրա ետևից ու նրան սպանեցին այնտեղ։ 20Նրան բերեցին ձիերով, և նա թաղվեց Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում՝ իր հայրերի մոտ։ 21Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց Ազարիային, որ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հայր Ամասիայի փոխարեն։ 22Նա կառուցեց Ելաթը և թագավորի՝ իր հայրերի հետ ննջելուց հետո այն վերադարձրեց Հուդային։
Իսրայելի Հերոբովամ Բ թագավորը
23Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիայի տասնհինգերորդ տարում Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամը թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց քառասունմեկ տարի։ 24Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ 25Նա վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից սկսած մինչև Արաբայի ծովը՝ Իսրայելի Տեր Աստծու խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա գեթքոփերացի Ամաթի որդի Հովնան մարգարեի միջոցով։ 26Որովհետև Տերը տեսավ Իսրայելի խիստ դառը տառապանքը. թե՛ ստրուկ և թե՛ ազատ, և Իսրայելին օգնող չկար։ 27Եվ Տերը չէր ասել, որ Իսրայելի անունը ջնջված լինի երկնքի տակից, և նրանց փրկեց Հովասի որդի Հերոբովամի ձեռքով։
28Հերոբովամի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, որ պատերազմեց և Դամասկոսն ու Եմաթը Հուդայից վերցրեց և վերադարձրեց Իսրայելին, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 29Հերոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Զաքարիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք