Բ Կորնթացիներին 9:1-15

Բ Կորնթացիներին 9:1-15 ՆՎԱԱ

Ինձ համար ավելորդ է սրբերին մատուցվող օգնության մասին ձեզ գրել, քանի որ գիտեմ ձեր հոժարակամությունը, որով էլ մակեդոնացիների առջև պարծենում եմ ձեզանով. «Աքայացիներն անցյալ տարվանից պատրաստ են»։ Ձեր եռանդը շատերի համար խթան եղավ։ Եվ եղբայրներին էլ ուղարկեցի, որպեսզի մեր՝ այս հարցում ձեզանով պարծենալն իզուր չլինի, այլ ինչպես ասում էի, պատրաստ լինեք, որպեսզի չլինի թե երբ մակեդոնացիներն ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասենք՝ դուք) ամոթով մնանք այս գործում ձեր հանդեպ ունեցած պարծանքի համար։ Արդ անհրաժեշտ համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մոտ գան և նախապատրաստեն ձեր՝ նախապես խոստացած նվերները, որպեսզի նվերը պատրաստ լինի որպես առատաձեռնություն և ոչ թե որպես ժլատություն։ Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք, ինչպես որ գրված է. «Բաժանեց և աղքատներին տվեց։ Նրա արդարությունը մնում է հավիտյան» ։ Բայց նա, ով սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի և ձեր արդարության պտուղը կաճեցնի։ Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն. որովհետև այս բարեգործության ծառայությունը ոչ միայն սրբերի կարիքներն է բավարարում, այլև Աստծու հանդեպ շատերի գոհությունն է շատացնում։ Այս ծառայության փորձով փառավորում են Աստծուն՝ Քրիստոսի Ավետարանը խոստովանելու և ձեր հնազանդության համար, նաև այն առատ մասնակցության համար, որ բաժին եք հանում նրանց ու բոլորին։ Եվ ձեզ համար աղոթելով Աստծուն՝ փափագում են ձեզ տեսնել այն առատ շնորհների համար, որ ձեր մեջ են։ Եվ շնորհակալությո՜ւն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար։