Բ Կորնթացիներին 8:1-24

Բ Կորնթացիներին 8:1-24 ՆՎԱԱ

Արդ, եղբայրնե՛ր, ձեզ տեղեկացնում ենք Աստծու շնորհի մասին, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցիներին։ Որովհետև նրանց կրած նեղության և մեծ փորձության մեջ նրանց ուրախությունն անսահման եղավ, և ծանր աղքատության մեջ նրանք շատ առատաձեռն եղան։ Արդ վկայում եմ, որ իրենց կարողության չափ, կարողությունից էլ ավելի հոժար կամքով, մեծ աղաչանքով շնորհ էին խնդրում մեզնից՝ մասնակից լինելու սրբերին մատուցվող ծառայությանը։ Եվ ոչ թե արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլ իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա մեզ՝ Աստծու կամքով։ Մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպես նախապես սկսել էր, այնպես էլ այդ շնորհը ձեր մեջ ավարտին հասցնի։ Բայց ինչպես որ առավել եք ամեն բանում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով, թող որ այդ շնորհում էլ առավել լինեք։ Ոչ թե հրամայելով եմ ասում, այլ ուրիշների ջանասիրությունը մեջբերելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։ Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։ Սրանով իմ կարծիքն եմ հայտնում, որը ձեզ օգտակար է. դուք ոչ միայն առաջինը եղաք ձեռնարկելու մեջ, այլև առաջինը կամեցաք անցյալ տարվանից։ Հիմա ձեռնարկե՛ք այն իրագործել, որպեսզի ինչպես որ հոժարությամբ կամեցաք, այնպես էլ իրագործեք ձեր ունեցած չափով։ Որովհետև եթե հոժարություն կա, տրվածն ընդունելի է ունեցածի չափով և ոչ թե չունեցածի չափով։ Քանի որ ոչ թե ուրիշներին թեթևություն տալու համար կամենում եմ ձեզ նեղություն պատճառել, այլ թող հավասարությամբ լինի։ Ներկայումս ձեր առատությունը թող նրանց պակասությանը ծառայի, որպեսզի նրանց առատությունն էլ ձեր պակասությանը ծառայի, որպեսզի հավասարություն լինի, ինչպես որ գրված է. «Ով շատ հավաքեց, նրանը չավելացավ, իսկ ով քիչ հավաքեց, նրանը չպակասեց» ։ Շնորհակալ լինենք Աստծուն, որ նույն ջանքը ձեզ համար դրեց Տիտոսի սրտի մեջ, որովհետև նա ընդունեց իմ աղաչանքը և հոժար կամքով շտապեց ձեզ մոտ գալ։ Նրա հետ ուղարկեցինք նաև այն եղբորը, որին բոլոր եկեղեցիներում ավետարանելու գործում գովաբանում են։ Եվ ոչ միայն այսքանը, այլև եկեղեցիների կողմից ևս ընտրվելով՝ մեր ճանապարհորդության ընկեր դարձավ այս շնորհում, որին մենք ծառայում ենք Տիրոջ փառքի համար և մեր հոժար կամքով՝ զգուշանալով այն բանից, որ չլինի թե մեկը մեզ արատավորի այս ծառայության մեջ, որ մատուցում ենք, որովհետև մտածում ենք բարին գործել ոչ միայն Տիրոջ, այլև մարդկանց առաջ։ Նրանց հետ ուղարկեցինք նաև մեր եղբորը, որին շատ բաներում ենք բազմիցս փորձել, որը ջանասեր է։ Հիմա նա էլ առավել փութաջան է ձեր հանդեպ իր ունեցած մեծ վստահությամբ։ Ինչ վերաբերում է Տիտոսին, նա իմ ընկերն է ու ձեզ համար՝ իմ գործակիցը։ Մեր եղբայրները եկեղեցիների առաքյալներ են ու Քրիստոսի փառքը, ուրեմն բոլոր եկեղեցիների առաջ ցո՛ւյց տվեք նրանց նկատմամբ ձեր սիրո ու ձեր հանդեպ մեր պարծանքի ապացույցը։