Բ Կորնթացիներին 7
7
Պողոսի ուրախությունը կորնթացիների զղջման առիթով
1Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։ 2Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում. մենք ոչ ոքի չենք նեղացրել, ոչ ոքի չենք վնասել, ոչ ոքի չենք զրկել։ 3Դատապարտելու համար չեմ ասում, որովհետև կանխավ ասացի, որ դուք մեր սրտերում եք՝ ձեզ հետ միասին ապրելու, նաև մեռնելու համար։ 4Ձեր նկատմամբ իմ վստահությունը մեծ է, մեծ է ձեզանով իմ պարծանքը. մխիթարությամբ լեցուն եմ. առավել ուրախ եմ մեր ամեն նեղության մեջ։ 5Որովհետև երբ հասանք Մակեդոնիա, բոլորովին հանգիստ չունեցանք, այլ ամեն բանում նեղություն կրեցինք. դրսում մարտնչում էինք, ներքուստ ահ ու սարսափ ապրում։ 6Բայց խոնարհներին մխիթարող Աստվածը Տիտոսի գալուստով մեզ մխիթարեց. 7ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա ձեր մեջ մխիթարվել էր։ Երբ նա մեզ պատմեց ձեր սրտի փափագի՝ ձեր լացի և իմ հանդեպ ձեր ունեցած նախանձախնդրության մասին, ես ավելի ուրախացա. 8թեև ձեզ այն նամակով տրտմեցրի, չեմ զղջում (չնայած որ զղջացել էի), որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է ձեզ տրտմեցրել։ 9Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև տրտմեցիք ապաշխարության համար, որովհետև դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որպեսզի մեզանից ոչնչով վնաս չկրեք։ 10Որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։ 11Արդ հենց այն, որ դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որքա՜ն ջանք առաջացրեց ձեր մեջ, ինչպիսի՜ արդարացում, ինչպիսի՜ զայրույթ, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձ, ինչպիսի՜ վրեժխնդրություն. ամեն կերպ ձեզ անմեղ ցույց տվեցիք այդ հարցում։ 12Ուրեմն թեև գրեցի ձեզ, ոչ թե զրկողի համար էր, ոչ էլ զրկվածի համար, այլ որպեսզի մեր ջանքը, որ թափում ենք ձեզ վրա, հայտնի լինի ձեզ մոտ Աստծու առաջ։ 13Դրա համար մխիթարված ենք զգում։
Բացի ձեր մխիթարությունից, առավել ուրախացանք Տիտոսի ուրախության համար, որովհետև ձեր բոլորի կողմից նրա հոգին խաղաղվել էր։ 14Որովհետև ձեզ համար նրա առաջ ինչքան էլ որ պարծեցա, չամաչեցի, այլ ինչպես որ ամեն բան ձեզ հետ ճշմարտությամբ խոսեցինք, այնպես էլ մեր պարծանքը Տիտոսի առաջ ճշմարիտ եղավ։ 15Եվ նրա գորովն էլ ձեր նկատմամբ առավել շատացել է, երբ հիշում է ձեր բոլորի հնազանդությունը, թե ինչպիսի ահով ու դողով ընդունեցիք նրան։ 16Արդ ուրախ եմ, որ ամեն բանում ձեզ վրա վստահություն ունեմ։
Արդեն Ընտրված.
Բ Կորնթացիներին 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018