Բ Կորնթացիներին 3:4-18

Բ Կորնթացիներին 3:4-18 ՆՎԱԱ

Մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված. ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է, որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի. ոչ թե գրի, այլ Հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։ Արդ եթե մահվան ծառայությունը՝ փորագրված քարերի վրա, այնպիսի փառքով տրվեց, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով, որ անցողիկ էր, որքա՜ն առավել փառքով կլինի Հոգո՛ւ ծառայությունը։ Որովհետև եթե դատապարտության տանող ծառայությունը փառքով էր, ապա որքա՜ն առավել փառքով է արդարության տանող ծառայությունը։ Քանի որ այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։ Որովհետև եթե այն, ինչ անցողիկ էր, փառքով տրվեց, որքա՜ն առավել փառքով է այն, ինչ մնայուն է։ Արդ այսպիսի հույս ունենալով՝ մեծ համարձակությամբ ենք վարվում և ոչ ինչպես Մովսեսը, որ իր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողիկ փառքի վերջը չտեսնեն։ Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր Հին Կտակարանի ընթերցումի վրա այդ քողը մնում է, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։ Մինչև այսօր, երբ Մովսեսի գիրքն են կարդում, նրանց սրտերի վրա նույն քողն է ընկած։ Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի։ Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։ Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին։

Բ Կորնթացիներին 3:4-18 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր