Բ Կորնթացիներին 11:23-33

Բ Կորնթացիներին 11:23-33 ՆՎԱԱ

Քրիստոսի սպասավորնե՞ր են, խենթությամբ եմ ասում՝ ես՝ առավել ևս. վաստակով՝ առավել ևս, գանահարությամբ՝ առավել ևս, բանտարկությամբ՝ առավել ևս, մահվան վտանգով՝ բազում անգամ։ Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։ Երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել։ Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։ Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։ Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։ Ո՞վ է տկարանում, և ես նրա հետ չեմ տկարանում, ո՞վ է գայթակղվում, որի համար ես չեմ այրվում։ Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությամբ կպարծենամ։ Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտի, որ սուտ չեմ ասում. Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչը ինձ ձերբակալելու համար Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում։ Բայց ինձ պատուհանից զամբյուղով պարսպից իջեցրին, ու ես նրա ձեռքից փախա։