Դարձյալ ասում եմ. չլինի թե մեկն ինձ հիմար համարի, իսկ եթե ոչ, գոնե հիմարի պե՛ս ինձ ընդունեք, որպեսզի ես էլ մի քիչ պարծենամ։ Ինչ որ խոսում եմ, ոչ թե ըստ Տիրոջ կամքի եմ խոսում, այլ որպես անմիտ, որ պարծենալու նյութ ունի։ Եվ քանի որ շատերն ըստ մարդկային մղումների են պարծենում, ես էլ պիտի պարծենամ։ Իմաստուն լինելով՝ հոժարությամբ համբերում եք անմիտներին։ Որովհետև համբերում եք, երբ մեկը ձեզ ստրկացնում է, երբ մեկը ուտում է ձեր ունեցվածքը, երբ մեկը կողոպտում է, երբ մեկը գոռոզանում է, երբ մեկը ապտակում է ձեզ։ Ամաչում եմ ասել՝ որպես թե մենք տկար ենք եղել։ Անմտությամբ եմ ասում. եթե որևէ մեկը համարձակվում է պարծենալ ինչ-որ բանում, ես էլ եմ համարձակվում։ Եբրայեցի՞ են, ես էլ, իսրայելացի՞ են, ես էլ, Աբրահամի սերո՞ւնդն են, ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, խենթությամբ եմ ասում՝ ես՝ առավել ևս. վաստակով՝ առավել ևս, գանահարությամբ՝ առավել ևս, բանտարկությամբ՝ առավել ևս, մահվան վտանգով՝ բազում անգամ։ Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։ Երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել։ Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։ Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։ Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։ Ո՞վ է տկարանում, և ես նրա հետ չեմ տկարանում, ո՞վ է գայթակղվում, որի համար ես չեմ այրվում։
Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությամբ կպարծենամ։ Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտի, որ սուտ չեմ ասում. Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչը ինձ ձերբակալելու համար Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում։ Բայց ինձ պատուհանից զամբյուղով պարսպից իջեցրին, ու ես նրա ձեռքից փախա։