Բ Կորնթացիներին 11:1-15

Բ Կորնթացիներին 11:1-15 ՆՎԱԱ

Եթե կարողանայիք իմ անմտությունը մի քիչ հանդուրժել. բայց անշուշտ հանդուրժում եք։ Քանզի ձեզ սիրում եմ Աստծու հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ։ Բայց վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ Եվային խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից։ Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզի, որին մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, նրան հաճույքով կընդունեք։ Կարծում եմ, որ մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեմ։ Թեկուզ խոսքով անգետ լինեմ, բայց ոչ գիտության մեջ։ Մենք ամեն կերպ ձեզ ամբողջովին ցույց տվեցինք։ Մի՞թե մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, որպեսզի դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։ Ուրիշ եկեղեցիների կողոպտեցի և ապրուստ վերցրի ձեզ ծառայելու համար։ Եվ երբ ձեզ մոտ էի, նույնիսկ կարիքի մեջ լինելով՝ ձեզանից որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին։ Ամեն կերպ առանց ձեզ վրա բեռ լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ։ Իմ մեջ եղած Քրիստոսի ճշմարտությամբ ասում եմ, որ իմ այս պարծանքն Աքայիայի կողմերում ինձանից չեն խլի։ Ինչո՞ւ, որովհետև ձեզ չե՞մ սիրում։ Աստված գիտի դա։ Այն, ինչ անում եմ, անելու եմ, որպեսզի պատճառ որոնողներին պատճառ չտամ պարծենալու, թե իրենք էլ են մեզ նման։ Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու։