Բ Կորնթացիներին 1:12-24

Բ Կորնթացիներին 1:12-24 ՆՎԱԱ

Մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ Աստծու տված պարզությամբ ու անկեղծությամբ և ոչ մարմնական իմաստությամբ, այլ Աստծու շնորհով վարվեցինք աշխարհում, առավել ևս ձեր նկատմամբ։ Որովհետև ձեզ այլ բան չենք գրում, քան միայն այն, ինչ դուք կարդում և հասկանում եք։ Հույս ունեմ, որ լիովին կհասկանաք, ինչպես մե՛զ փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ՝ մերը Տեր Հիսուսի օրը։ Այս վստահությամբ նախ ուզում էի ձեզ մոտ գալ, որ դուք երկրորդ շնորհն ընդունեք, և ձեր մոտից Մակեդոնիա գնալ, Մակեդոնիայից դարձյալ ձեզ մոտ գալ ու ձեր մոտից ճանապարհ ընկնել դեպի Հրեաստան։ Արդ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտություն արեցի, կամ թե այն, ինչ մտածում եմ, մարմնապե՞ս եմ մտածում, որ իմ կողմից «այո»-ն «այո» լինի, և «ոչ»-ը՝ «ոչ»։ Վկա է Աստված, որ ձեզ հղված մեր խոսքն «այո» և «ոչ» չէ։ Որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզվեց մեզանով՝ իմ, Սիղվանոսի և Տիմոթեոսի միջոցով, «այո» ու «ոչ» չեղավ, այլ նրանով «այո» եղավ։ Որովհետև Աստծու այդքան խոստումները նրա մեջ իրենց «այո»-ն գտան. դրա համար էլ նրանով է «Ամեն»-ը, որ ասում ենք Աստծու փառքի համար։ Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը և մեզ օծողը Աստված է, որ մեզ նաև կնքեց և Հոգու առհավատչյան մեր սրտերի մեջ դրեց։ Սակայն ես Աստծուն իմ անձին վկա եմ կանչում, որ ձեզ խնայելու համար մինչև հիմա Կորնթոս չեկա։ Ոչ թե ձեր հավատի վրա ենք իշխում, այլ մասնակից ենք ձեր ուրախությանը, որովհետև դուք հավատի մեջ հաստատուն եք։