Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:13-28

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:13-28 ՆՎԱԱ

Միայն մեկ տարում Սողոմոնի համար բերված ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր, բացի այն, որ բերում էին առևտրականներն ու վաճառականները, և բացի այն ոսկուց ու արծաթից, որ բերում էին Արաբիայի թագավորներն ու երկրի նախարարները Սողոմոնի համար։ Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան պատրաստեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գործածվեց վեց հարյուր սիկղ կռածո ոսկի։ Նաև երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց՝ յուրաքանչյուր ասպարի համար գործածելով երեք հարյուր սիկղ ոսկի։ Թագավորը դրանք դրեց Լիբանանի անտառի տան մեջ։ Թագավորը փղոսկրյա մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։ Այդ գահն ուներ վեց ոսկե աստիճան և գահին կցված մի ոսկե պատվանդան։ Գահի նստատեղը այս և այն կողմից ուներ հենարաններ. այդ հենարանների մոտ կային քանդակված երկու առյուծներ։ Վեց աստիճանների վրա այս և այն կողմից տասներկու առյուծներ էին կանգնած։ Այսպիսի բան չէր պատրաստված ոչ մի թագավորության մեջ։ Սողոմոն թագավորի խմիչքի բոլոր անոթները և Լիբանանի անտառի տան բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում։ Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։ Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։ Երկրի բոլոր թագավորները ցանկանում էին հանդիպել Սողոմոնին, որպեսզի լսեն նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում։ Նրանցից ամեն մեկը ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, հագուստներ, զենք, խնկեր, ձիեր և ջորիներ։ Սողոմոնն ուներ չորս հազար ախոռ ձիերի և մարտակառքերի համար և տասներկու հազար ձիավոր, որոնց նա տեղավորեց մարտակառքերի քաղաքներում և Երուսաղեմում՝ թագավորի մոտ։ Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը։ Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց և եղևնափայտը դաշտի մոլաթզենու չափ շատացրեց։ Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից և բոլոր երկրներից։