Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7
7
Տաճարին արված ընծայաբերումները
(Գ Թագ. 8.62-66)
1Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը։ 2Քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ 3Իսրայելի բոլոր որդիները երբ տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա, երեսնիվայր ընկան գետին՝ սալահատակի վրա, և երկրպագեցին՝ օրհնելով Տիրոջը՝ ասելով, թե նա բարի է, և նրա ողորմությունը հավիտյան է։ 4Ապա թագավորն ու ամբողջ ժողովուրդը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։ 5Սողոմոն թագավորը քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար զոհ մատուցեց։ Այսպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը Աստծու տան նավակատիքն արեցին։ 6Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում, և ղևտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար, թե՝ «Հավիտյան է նրա ողորմությունը». Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր Տիրոջը։ Քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը, և ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։
7Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը, որովհետև այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե զոհասեղանը, որ Սողոմոնը շինել էր, չէր կարող պարունակել ողջակեզները, հացի ընծաներն ու ճարպը։ 8Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը շատ մեծ բազմությամբ յոթ օր տոն կատարեցին Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը։ 9Ութերորդ օրը մեծ ժողով արեցին, որովհետև յոթ օր զոհասեղանի նավակատիքն արեցին և յոթ օր էլ՝ տոնը։ 10Յոթերորդ ամսի քսաներեքերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին իրենց վրանները՝ ուրախացած և զվարթ սրտով այն բարիքների համար, որ Տերն արել էր Դավթին, Սողոմոնին և Իսրայելի իր ժողովրդին։
Աստված կրկին երևում է Սողոմոնին
(Գ Թագ. 9.1-9)
11Այսպես Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և թագավորի տան կառուցումը, և ամեն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր անել Տիրոջ տանն ու թագավորի տանը, հաջողությամբ կատարվեցին։
12Տերը գիշերը երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը և այս տեղն ինձ համար ընտրեցի որպես զոհաբերության տուն։ 13Եթե ես փակեմ երկինքը, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի երկիրը, եթե ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդին, 14և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։ 15Արդ իմ աչքերը բաց և իմ ականջները լսող կլինեն այստեղի աղոթքին։ 16Արդ, ես ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունն այստեղ լինի հավիտյան, և իմ աչքերն ու իմ սիրտն այստեղ լինեն ամեն ժամանակ։ 17Եվ դու էլ, եթե իմ առջևից գնաս, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և անես այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, ու պահես իմ կանոններն ու հրահանգները, 18այն ժամանակ քո թագավորության աթոռը հաստատուն կպահեմ, ինչպես որ ուխտեցի քո հայր Դավթին՝ ասելով. “Իսրայելի վրա իշխող մարդ չի պակասի քեզանից”։ 19Բայց եթե դուք ետ դառնաք և թողնեք իմ կանոններն ու պատվիրանները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք պաշտեք ուրիշ աստվածների ու երկրպագեք նրանց, 20ապա ես նրանց (իսրայելացիներին) կպոկեմ այն երկրից, որ տվեցի ձեզ,#7.20 Եբր. նրանց։ և այս տունը, որ ես սրբագործել եմ իմ անվան համար, դեն կգցեմ և այն առակ ու խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։ 21Եվ ով որ անցնի այս վեհաշուք տան մոտով, կզարմանա ու կասի. “Ինչո՞ւ Տերն այսպես արեց այս երկիրն ու այս տունը”։ 22Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, կապվեցին ուրիշ աստվածների և նրա՛նց երկրպագեցին ու նրա՛նց ծառայեցին. դրա համար էլ նա այս բոլոր չարիքները բերեց նրանց վրա”»։
Արդեն Ընտրված.
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018