Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:12-42

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:12-42 ՆՎԱԱ

Ապա Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առջև, Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի դիմաց և տարածեց իր ձեռքերը։ (Որովհետև Սողոմոնը պղնձե մի ամբիոն էր պատրաստել և այն դրել գավթի մեջտեղում. դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, բարձրությունը՝ երեք կանգուն)։ Նա կանգնեց դրա վրա, ծնկի եկավ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի առաջ և իր ձեռքերը մեկնեց դեպի երկինք։ Նա ասաց. «Ո՛վ տեր Աստված Իսրայելի, քեզ նման Աստված չկա երկնքում և երկրի վրա. ուխտ ու ողորմություն ես դու պահում քո առաջ ամբողջ սրտով ընթացող ծառաներիդ համար։ Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված քո այն խոսքը, որ նրան ասացիր. ինչ որ ասել էիր քո բերանով, այսօր կատարեցիր քո ձեռքով։ Եվ հիմա, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր այն, ինչ որ խոստացար քո ծառա Դավթին՝ իմ հորը՝ ասելով. “Իմ առաջ Իսրայելի գահի վրա նստող մարդ չի պակասի քեզանից, միայն թե քո որդիները պահեն իրենց ճանապարհը, որ ընթանան իմ օրենքի համաձայն, ինչպես որ դու ընթացար իմ առաջ”։ Արդ, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, թող հաստատվի քո խոսքը, որ ասացիր քո ծառա՝ իմ հայր Դավթին։ Բայց իրոք Աստված կբնակվի՞ մարդկանց հետ երկրի վրա։ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել քեզ, էլ ո՜ւր մնաց իմ կառուցած այս տունը։ Սակայն, ո՛վ իմ Տեր Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին ու նրա աղերսանքին, լսի՛ր այն պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան աղոթում է քո առաջ, որպեսզի քո աչքերը գիշեր ու ցերեկ բաց լինեն այս տան վրա, այն տեղի վրա, որի համար ասացիր, թե այնտե՛ղ պիտի լինի քո անունը, որպեսզի լսես այն աղոթքը, որ ծառադ աղոթում է այստեղ։ Լսի՛ր քո ծառայի ու Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ նրանք մատուցում են այս տեղում։ Լսի՛ր դու քո բնակության տեղից՝ երկնքից, և երբ լսես, ների՛ր։ Եթե մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի երդում անել, որպեսզի երդվեցնի նրան, և գա ու երդում անի քո սեղանի առաջ այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր նրան երկնքից, կատարի՛ր քո ծառաների դատը, որպեսզի հանցավորին իր հատուցումը տաս և նրա արարքը իր գլխին թափես, իսկ արդարին արդարացնես և հատուցես իր արդարության համեմատ։ Եթե Իսրայելի քո ժողովուրդը քո դեմ մեղանչելու պատճառով պարտվի իր թշնամու առաջ և ապա դառնա դեպի քեզ, փառք տա քո անվանը և աղոթի ու աղերսի քո առջև այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքից ու ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց ու նրանց հայրերին։ Երբ երկինքը փակվի, ու անձրև չգա քո դեմ նրանց գործած մեղքերի պատճառով, և նրանք աղոթք անեն՝ դեպի այս տեղը դարձած, և փառք տան քո անվանն ու դառնան իրենց մեղքերից, քանի որ դու նեղել ես նրանց, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, սովորեցրո՛ւ նրանց բարի ճանապարհը, որով պետք է գնան, և անձրև՛ պարգևիր քո երկրին, որ տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։ Երբ սով լինի երկրի վրա, ժանտախտ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, կամ երբ նրանց թշնամիները նեղեն իրենց բնակած քաղաքներում, կամ որևէ հարված լինի կամ հիվանդություն, երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մեկը որևիցե աղոթք և աղերսանք մատուցի, և ամեն մարդ, իմանալով իր ցավն ու իր հիվանդությունը, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, այն ժամանակ դու երկնքից՝ քո բնակության տեղից, լսի՛ր ու ների՛ր և տո՛ւր այդ մարդուն իր բոլոր ճանապարհների համեմատ, որ ճանաչել ես նրա սիրտը (որովհետև դո՛ւ միայն գիտես մարդկանց որդիների սիրտը), որպեսզի վախենան քեզանից և գնան քո ճանապարհներով բոլոր այն օրերին, որ կապրեն այս երկրում, որ դու տվել ես մեր հայրերին։ Նաև այն օտարականն էլ, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, հեռու երկրից գա քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի և քո մեկնած բազկի պատճառով, երբ գա և աղոթք անի այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, և արա՛ այն օտարականին այն ամենը, ինչ նա կխնդրի քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, վախենան քեզանից, ինչպես Իսրայելի քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչված իմ կառուցած այս տունը։ Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու նրանց կուղարկես, և երբ նրանք աղոթք անեն քեզ՝ դառնալով դեպի քո այս ընտրած քաղաքն ու այս տունը, որ ես կառուցել եմ քո անվան համար, այն ժամանակ լսի՛ր երկնքից նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը և պաշտպանի՛ր նրանց իրավունքը։ Երբ նրանք մեղանչեն քո դեմ (որովհետև չկա մարդ, որ չմեղանչի), և դու բարկանաս նրանց վրա ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և նրանց գերեվարողները նրանց գերի տանեն հեռավոր կամ մոտիկ երկիր, և սրտանց զղջան այն երկրում, ուր գերի են տարվել, դարձի գան ու քեզ աղերսեն իրենց գերության երկրում՝ ասելով՝ “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”, և իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում, ուր նրանց գերի են տարել, և նրանք աղոթեն՝ նայելով դեպի այն երկիրը, որ դու տվել ես նրանց հայրերին, դեպի այն քաղաքը, որ դու ընտրեցիր, և դեպի այս տունը, որ ես կառուցեցի քո անվան համար, այն ժամանակ լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո ժողովրդին, որ մեղանչել է քո դեմ։ Այժմ, ո՛վ իմ Աստված, թող քո աչքերը բաց լինեն, և քո ականջները լսեն այստեղ արված աղոթքը։ Արդ, Տե՛ր Աստված, վե՛ր գնա քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը ելե՛ք և եկե՛ք ձեր հանգստյան տեղը։ Քո քահանաները, ո՛վ Տեր Աստված, փրկություն թող հագնեն, և քո սրբերն ուրախանան քո բարությամբ։ Ո՛վ Տեր Աստված, մի՛ մերժիր քո օծյալին, հիշի՛ր քո ծառա Դավթին խոստացած քո ողորմությունները»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում