Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:1-11

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:1-11 ՆՎԱԱ

Այն ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասաց, որ ինքը մառախուղի մեջ է բնակվում. բայց ես քեզ համար բնակվելու վեհաշուք տուն կառուցեցի, մի տեղ, որ դու հավիտյան բնակվես»։ Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդին։ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը կանգնած էր։ Նա ասաց. «Օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որն ինչ որ ասաց իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով՝ ասելով. “Այն օրվանից, երբ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից որևէ քաղաք չընտրեցի տուն կառուցելու համար, որպեսզի իմ անունն այնտեղ լինի, և որևէ մարդու չընտրեցի, որպեսզի առաջնորդ լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա, այլ Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի իշխան լինի”։ Իմ հայր Դավիթը մտադրվել էր, որ Իսրայելի Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցի։ Բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ դու մտադրվել էիր, որ իմ անվան համար տուն կառուցես, լավ ես արել, որ այդ բանը դրել ես քո սրտում։ Միայն թե դու չէ, որ պիտի կառուցես տունը, այլ՝ քեզնից ծնված քո որդին. նա՛ պիտի կառուցի իմ անվան համար տունը”։ Տերը կատարեց իր ասած խոսքը, և ես բարձրացա իմ հայր Դավթի տեղն ու նստեցի Իսրայելի գահին, ինչպես որ ասել էր Տերը, և ես կառուցեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար տունը։ Ես տապանակը դրեցի այնտեղ, որի մեջ է գտնվում Տիրոջ ուխտը, որ նա կնքեց Իսրայելի որդիների հետ»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում