Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35

35
Հովսիան տոնում է Զատիկը
1Հովսիան Երուսաղեմում զատիկը տոնեց Տիրոջ համար. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։ 2Նա քահանաներին նշանակեց իրենց պաշտոնին և քաջալերեց նրանց, որ ծառայություն անեն Տիրոջ տանը։ 3Նա բոլոր իսրայելացիներին ուսուցանող և Տիրոջը նվիրված ղևտացիներին ասաց. «Սուրբ տապանակը դրե՛ք այն տանը, որը կառուցեց Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնը. այլևս կարիք չունեք ձեր ուսերի վրա կրելու. հիմա դուք ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն և Իսրայելի նրա ժողովրդին։ 4Պատրա՛ստ եղեք ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր դասերի՝ Իսրայելի թագավոր Դավթի գրածի համաձայն և նրա որդի Սողոմոնի գրածի համաձայն։ 5Սրբարանում կանգնե՛ք ձեր տեղերում ըստ ձեր եղբայրների՝ ժողովրդի զավակների ազգատոհմերի բաժանումների և ըստ ղևտացիների ագատոհմերի դասերի։ 6Մորթե՛ք զատկի գառը, ձեզ սրբագործե՛ք և այն պատրաստե՛ք ձեր եղբայրների համար, որպեսզի անեք Աստծու խոսքի համաձայն, որ ասվել է Մովսեսի միջոցով»։ 7Հովսիան այնտեղ գտնվող ժողովրդի բոլոր զավակներին իր հոտերից պարգևեց թվով երեսուն հազար գառ և այծի ձագ՝ բոլորը զատկի համար, և երեք հազար արջառ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։ 8Նրա իշխաններն էլ հոժարակամ նվեր տվեցին ժողովրդին, քահանաներին և ղևտացիներին։ Աստծու տան վերակացուներ Քեղկիան, Զաքարիան և Հեքիելը զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր գառ և երեք հարյուր արջառ։ 9Քոնոնիան և նրա եղբայրները՝ Սեմայիան ու Նաթանայելը, և ղևտացիների գլխավորներ Ասաբիան, Հեիելն ու Հոզաբադը զատկի համար ղևտացիներին պարգևեցին հինգ հազար գառ և հինգ հարյուր արջառ։
10Պաշտամունքը պատրաստվեց. քահանաները կանգնեցին իրենց հատկացված տեղում, իսկ ղևտացիները՝ ըստ իրենց դասերի, ինչպես պատվիրել էր թագավորը։ 11Մորթեցին զատկի գառները, և քահանաները շաղ էին տալիս արյունը՝ առնելով նրանց ձեռքից, իսկ ղևտացիները մաշկահան էին անում։ 12Նրանք առանձնացնում էին ողջակիզելու համար սահմանվածները, որպեսզի դրանք տան ժողովրդի զավակներին՝ ըստ նրանց ազգատոհմերի բաժանումների՝ Տիրոջը մատուցելու համար, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ Այդպես արեցին նաև արջառներին։ 13Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։ 14Հետո պատրաստեցին քահանաների և իրենց համար, որովհետև Ահարոնի որդիները՝ քահանաները, մինչև գիշեր մատուցում էին ողջակեզներն ու ճարպերը։ Ապա ղևտացիները պատրաստեցին իրենց և Ահարոնի որդիների՝ քահանաների համար։ 15Ասափի որդիների երգողները#35.15 Կամ Ասափի որդիները՝ երգողները։ կանգնել էին իրենց տեղում՝ Դավթի, Ասափի, Եմանի և թագավորի տեսանող Իդիթունի պատվերի համաձայն, իսկ դռնապաններն էլ՝ ամեն մեկ դռան վրա։ Նրանք իրենց ծառայությունից չպետք է հեռանային, որովհետև իրենց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստում էին նրանց համար։ 16Այսպես այդ օրը պատրաստվեց Տիրոջ ամբողջ պաշտամունքը, որպեսզի տոնեն զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա՝ ըստ Հովսիա թագավորի պատվերի։ 17Այդ ժամանակ Իսրայելի որդիները, որ այնտեղ էին գտնվում, յոթ օր տոնեցին զատիկն ու բաղարջակերաց տոնը։ 18Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման զատիկ չէր տոնվել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի զատիկ չէին արել, ինչպես արեցին Հովսիան, քահանաները, ղևտացիները, այնտեղ գտնվող ամբողջ Հուդայի ու Իսրայելի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ 19Այս զատիկը տոնվեց Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։
Հովսիայի թագավորության վախճանը
(Դ Թագ. 23.28-30)
20Այս ամենից հետո, երբ Հովսիան կարգի էր բերել Աստծու տունը, Եգիպտոսի Նեքավով թագավորը եկավ Եփրատի մոտ գտնվող Քարքեմիշի դեմ պատերազմելու, և Հովսիան դուրս ելավ նրա դեմ։ 21Բայց Նեքավովը պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ Հուդայի թագավոր, ես այսօր քո՛ դեմ չեմ եկել, այլ ինձ հետ պատերազմողի տան դեմ։ Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ. ե՛տ քաշվիր ինձ հետ եղող Աստծուց, որպեսզի քեզ չկործանի»։ 22Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ նրա դեմ պատերազմելու համար փոխեց հագուստը և չլսեց Նեքավովի խոսքը, որ Աստծու բերանից էր դուրս եկել, և գնաց պատերազմելու Մակեդդովի հովտում։ 23Աղեղնավորները նետով հարվածեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Տարե՛ք ինձ, որովհետև ծանր վիրավորված եմ»։ 24Նրա ծառաները նրան տարան իր մարտակառքից, դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ և բերեցին Երուսաղեմ։ Նա մեռավ և թաղվեց իր հայրերի գերեզմանատանը, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։ 25Երեմիան ողբ ասաց Հովսիայի մասին, և մինչև այսօր բոլոր երգիչներն ու երգչուհիները իրենց ողբերում հիշում են Հովսիային, և սովորություն դարձավ Իսրայելում։ Դրանք գրի են առնված ողբերի գրքում։
26Հովսիայի պատմության մնացած մասը, այն բարեգործությունները, որ նա արեց Տիրոջ օրենքում գրվածի համաձայն, 27նրա առաջին և վերջին գործերը, ահա դրանք գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում