Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:1-33

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:1-33 ՆՎԱԱ

Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, և գնաց իր հայր Դավթի ճանապարհներով ու չխոտորվեց ո՛չ աջ, ո՛չ ձախ։ Իր թագավորության ութերորդ տարում, երբ դեռ ինքը պատանի էր, սկսեց փնտրել իր հայր Դավթի Աստծուն, իսկ տասներկուերորդ տարում սկսեց մաքրել Հուդան ու Երուսաղեմը Բարձր տեղերից, Աստարովթի կուռքերից և քանդակած ու ձուլածո արձաններից։ Նրա առաջ քանդեցին Բահաղիմի զոհասեղանները, և նա կոտրատեց դրանց վրա գտնվող խունկի սեղանները, ջարդուփշուր արեց Աստարովթի կուռքերն ու ձուլածո արձանները, մանրեց դրանք ու ցրիվ տվեց դրանք զոհ մատուցողների գերեզմանների վրա։ Նա քրմերի ոսկորներն այրեց նրանց զոհասեղանների վրա և մաքրեց Հուդան ու Երուսաղեմը։ Մանասեի, Եփրեմի և Շմավոնի քաղաքներում, մինչև Նեփթաղիմ, դրանց շրջակայքի ավերակ վայրերում նա կործանեց զոհասեղանները, Աստարովթի կուռքերը, փշրեց ու մանրեց քանդակած արձանները, կտոր-կտոր արեց խունկի բոլոր սեղանները Իսրայելի ամբողջ երկրում և վերադարձավ Երուսաղեմ։ Իր թագավորության տասնութերորդ տարում, երբ մաքրել էր երկիրն ու Տիրոջ տունը, նա ուղարկեց Եսելիայի որդի Սափանին, քաղաքի իշխան Մաասիային և Հովաքազի որդի Հովաքին՝ հիշատակաց դպիրին, որպեսզի նորոգեն Տեր Աստծու տունը։ Նրանք եկան Քեղկիա քահանայապետի մոտ և տվեցին այն փողը, որ բերվել էր Աստծու տուն, որը դռան պահապան ղևտացիները հավաքել էին Մանասեից և Եփրեմից, Իսրայելի ամբողջ մնացորդից, ամբողջ Հուդայի, Բենիամինի և Երուսաղեմի բնակիչներից։ Տվեցին այն գործավորների ձեռքը, որոնք նշանակված էին Տիրոջ տան վրա, և սրանք էլ հանձնեցին այն գործավորներին, որոնք աշխատում էին Տիրոջ տանը՝ տունը վերաշինելու և նորոգելու համար։ Նրանք տվեցին հյուսներին և շինարարներին, որպեսզի տաշած քարեր և փայտե գերաններ առնեն այն տների համար, որ քանդել էին Հուդայի թագավորները։ Այդ մարդիկ հավատարմորեն կատարում էին գործը. նրանց վրա վերակացուներ էին նշանակված Մերարիի որդիներից՝ ղևտացի Հեթը և Աբդիան, Կահաթի որդիներից՝ Զաքարիան ու Մեսուղամը և ղևտացիներից նրանք, որ կարող են նվագել նվագարաններով։ Նրանք վերակացուներ էին նաև բեռնակիրների և ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից էին նույնպես դպիրները, պաշտոնյաներն ու դռնապանները։ Երբ հանում էին Տիրոջ տուն բերված փողը, Քեղկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով տրված Տիրոջ օրենքի գիրքը։ Քեղկիան ասաց Սափան դպիրին. «Օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը»։ Եվ Քեղկիան այդ գիրքը տվեց Սափան դպիրին։ Սափանն այդ գիրքը բերեց թագավորին։ Նա տեղեկացրեց թագավորին՝ ասելով. «Քո ծառաները կատարում են այն ամենը, ինչ հանձնարարվել է նրանց։ Տիրոջ տանը գտնված փողը թափեցին և տվեցին վերակացուներին ու գործավորներին»։ Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք տվեց»։ Եվ Սափանը թագավորի առջև կարդաց դրա միջից։ Թագավորը, լսելով օրենքի խոսքերը, պատռեց իր հագուստները։ Նա հրամայեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աբդոնին, Սափան քարտուղարին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով. «Գնացե՛ք, հարցրե՛ք Տիրոջը ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացածների համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Տիրոջ՝ մեզ վրա թափված բարկությունը, քանի որ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խոսքը և չկատարեցին այն ամենը, որ գրված է այս գրքում»։ Քեղկիան և թագավորի մարդիկ գնացին Ասրայի որդի Թեկուայի որդի Սեղղում հանդերձապահի կնոջ՝ Օղդա մարգարեուհու մոտ, որը բնակվում էր Երուսաղեմի Երկրորդ թաղամասում, և նրա հետ այնպես խոսեցին։ Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել. այսպես է ասում Տերը. "Ահա ես այս տեղի և նրա բնակիչների վրա չարիք պիտի բերեմ, այսինքն՝ այն բոլոր անեծքները, որ գրված են այդ գրքում, և կարդացել են Հուդայի թագավորի առջև։ Նրա համար, որ ինձ թողած՝ խունկ ծխեցին ուրիշ աստվածների, որպեսզի բարկացնեն ինձ իրենց ձեռքի բոլոր գործերով, իմ բարկությունը պիտի թափվի այդ տեղի վրա և չպիտի հանգչի"”։ Բայց Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է հարցնելու Տիրոջը, այսպե՛ս ասացեք. “Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այդ քո լսած խոսքերի մասին. "Քանի որ քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Աստծու առաջ՝ այդ տեղի ու նրա բնակիչների մասին եղած խոսքերը լսելով, և խոնարհվեցիր իմ առաջ, պատռեցիր քո զգեստները ու լաց եղար իմ դիմաց, ուրեմն ես էլ լսեցի քեզ,- ասում է Տերը"։- Ահա ես քեզ պիտի տանեմ քո հայրերի մոտ, և դու պիտի դրվես քո գերեզմանի մեջ խաղաղությամբ, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես պիտի բերեմ այդ տեղի ու նրա բնակիչների վրա”»։ Եվ նրանք պատասխանը բերեցին թագավորին։ Թագավորը մարդ ուղարկեց և հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։ Թագավորը, Հուդայի բոլոր մարդիկ, Երուսաղեմի բնակիչները, քահանաներն ու ղևտացիները և ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, բարձրացան Տիրոջ տունը, և թագավորը նրանց առաջ կարդաց Տիրոջ տանը գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։ Թագավորը կանգնած էր իր տեղը և ուխտ արեց Տիրոջ առաջ, որ կգնա Տիրոջ հետևից, կպահի նրա պատվերները, հրահանգներն ու կանոնները իր ամբողջ սրտով ու իր ամբողջ հոգով և կկատարի այդ գրքում գրված ուխտի խոսքերը։ Նա կանգնեցրեց Երուսաղեմում և Բենիամինում գտնվող բոլոր մարդկանց, և Երուսաղեմի բնակիչներն ուխտ արեցին Աստծուն՝ իրենց հայրերի Աստծու ուխտի համաձայն։ Հովսիան Իսրայելի որդիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծությունները և Իսրայելում գտնվող բոլոր մարդկանց ստիպեց ծառայել իրենց հայրերի Տեր Աստծուն։ Նրանք նրա կյանքի բոլոր օրերին չխոտորվեցին իրենց հայրերի Տեր Աստծուց։