Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա Տիրոջ առաջ չարիք գործեց այն ազգերի գարշելի գործերի նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Եվ դարձյալ կառուցեց այն Բարձր տեղերը, որ քանդել էր նրա հայրը՝ Եզեկիան։ Նա Բահաղիմի համար զոհասեղաններ կանգնեցրեց, Աստարովթի կուռքեր շինեց, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին և ծառայեց նրանց։ Զոհասեղաններ շինեց Տիրոջ տանը, որի մասին Տերն ասել էր. «Իմ անունը Երուսաղեմո՛ւմ կլինի հավիտյան»։ Զոհասեղաններ շինեց նաև Տիրոջ տան երկու գավիթներում՝ երկնքի բոլոր զորությունների համար։ Նա իր որդիներին Ենոմի որդու ձորում անցկացրեց կրակի միջով և գուշակություն, հմայություն ու դյութություն էր անում և հոգեհարցուկներից ու կախարդներից խորհուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ և բարկացրեց նրան։ Իր շինած ու քանդակած կուռքը դրեց Աստծու տանը, որի մասին Աստված ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան։ Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այն երկրից, ուր հաստատեցի ձեր հայրերին, միայն թե զգուշությամբ անեն այն ամենը, որ պատվիրեցի իրենց, այն բոլոր օրենքները, պատվիրաններն ու կանոնները, որ տրված են Մովսեսի միջոցով»։ Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի և Երուսաղեմի բնակիչներին, որոնք չարիք գործեցին ավելի, քան այն ազգերը, որոնց բնաջնջեց Տերը Իսրայելի որդիների առաջ։ Տերը խոսեց Մանասեի և նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ականջ չդրեցին։
Տերը նրանց դեմ բերեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին բռնեցին կարթերով, նրան կապեցին պղնձե կրկնակի ոտնակապերով ու տարան Բաբելոն։ Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծու առաջ։ Նա աղոթեց նրան, և Տերն ընդունեց նրա աղոթքը, լսեց նրա աղաչանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը, և Մանասեն իմացավ, որ Տերն է Աստված։ Դրանից հետո նա Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմտյան կողմում, հեղեղատում մի պարիսպ կառուցեց, որը ձգվում էր մինչև Ձկների դռան մուտքը, և շրջափակելով Օփաղը՝ այն շատ բարձրացրեց։ Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում նա զորապետներ դրեց։ Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լեռան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։ Նա վերաշինեց Տիրոջ զոհասեղանը և դրա վրա մատուցեց խաղաղության և շնորհակալության զոհեր։ Նա Հուդային պատվիրեց, որ ծառայեն Իսրայելի Տեր Աստծուն։ Սակայն ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում Բարձր տեղերում, թեպետ իր Տեր Աստծու համար։
Մանասեի գործերի մնացած մասը, նրա աղոթքն առ Աստված և Իսրայելի Տեր Աստծու անունով նրա հետ խոսող տեսանողների խոսքերը, ահա դրանք Իսրայելի թագավորների պատմության մեջ են։ Նրա աղոթքը, Աստծուց նրա ընդունվելը, նրա բոլոր մեղքերն ու անօրենությունը և այն տեղերը, ուր նա Բարձր տեղեր էր կառուցել և Աստարովթի կուռքեր կանգնեցրել նախքան իր խոնարհվելը, ահա դրանք գրված են Տեսանողների հիշատակարանում։ Մանասեն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր տանը։ Նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։