Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:1-8

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:1-8 ՆՎԱԱ

Այս գործերից և հավատարմությունից հետո եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը, մտավ Հուդայի երկիրը և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների դիմաց և մտածում էր գրավել դրանք։ Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է և դիտավորություն ունի պատերազմելու Երուսաղեմի դեմ, խորհրդակցեց իր իշխանների և զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, և նրանք օգնեցին իրեն։ Շատ ժողովուրդ հավաքվեց, և նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի միջով անցնող հեղեղատը՝ ասելով. «Ինչո՞ւ Ասորեստանի թագավորները գան և առատ ջուր գտնեն»։ Եզեկիան ուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպ կառուցեց, նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։ Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց. «Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։ Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի»։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։