Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:1-23

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:1-23 ՆՎԱԱ

Այս գործերից և հավատարմությունից հետո եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը, մտավ Հուդայի երկիրը և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների դիմաց և մտածում էր գրավել դրանք։ Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է և դիտավորություն ունի պատերազմելու Երուսաղեմի դեմ, խորհրդակցեց իր իշխանների և զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, և նրանք օգնեցին իրեն։ Շատ ժողովուրդ հավաքվեց, և նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի միջով անցնող հեղեղատը՝ ասելով. «Ինչո՞ւ Ասորեստանի թագավորները գան և առատ ջուր գտնեն»։ Եզեկիան ուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպ կառուցեց, նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։ Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց. «Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։ Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի»։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։ Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմն իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ, երբ ինքն իր ամբողջ զորքով Լաքիսի դիմացն էր, Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում գտնվող Հուդայի բոլոր մարդկանց մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը. “Դուք ի՞նչ բանի եք ապավինել Երուսաղեմի պաշարման ժամանակ։ Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որպեսզի ձեզ սովի ու ծարավի միջոցով մահվան մատնի՝ ասելով, թե՝ "Մեր Աստվածը՝ Տերը, մեզ կազատի Ասորեստանի թագավորի ձեռքից"։ Չէ՞ որ նա ինքը՝ Եզեկիան, վերացրեց նրա Բարձր տեղերն ու զոհասեղանները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, թե՝ "Մեկ զոհասեղանի առջև՛ երկրպագություն արեք և դրա վրա՛ խունկ ծխեք"։ Դուք գիտեք, թե ես և իմ հայրերը ինչ արեցինք բոլոր մյուս երկրների ժողովուրդներին։ Մի՞թե այդ երկրների ազգերի աստվածները կարողացան նրանց երկիրն ազատել իմ ձեռքից։ Իմ հայրերի բնաջնջած ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկն է, որ կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ ազատել իմ ձեռքից։ Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չխաբի և այդպես չմոլորեցնի ձեզ։ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի և ոչ մի թագավորության ոչ մի աստված չի կարող իր ժողովրդին ազատել իմ և իմ հայրերի ձեռքից, էլ ո՛ւր մնաց ձեր Աստվածը, որ ձեզ չի ազատի իմ ձեռքից”»։ Եվ դեռ ավելին խոսեցին նրա ծառաները Տեր Աստծու և նրա ծառա Եզեկիայի մասին։ Սենեքերիմը նամակներ գրեց՝ հայհոյելով Իսրայելի Տեր Աստծուն և նրա մասին այսպես ասելով. «Ինչպես որ ուրիշ երկրների ազգերի աստվածներն իրենց ժողովրդին չազատեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածը չի ազատի իր ժողովրդին իմ ձեռքից»։ Եվ եբրայերեն բարձրաձայն կանչեցին պարսպի վրա եղած Երուսաղեմի ժողովրդին, որպեսզի վախեցնեն ու շփոթեցնեն նրանց և կարողանան գրավել քաղաքը։ Երուսաղեմի Աստծու մասին խոսեցին այնպես, ինչպես ուրիշ երկրի ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործ են։ Եզեկիա թագավորը և Ամոսի որդի Եսայի մարգարեն աղոթեցին այս բանի համար և աղաղակեցին դեպի երկինք։ Տերը մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր քաջարի զորականներին, զորավարներին և իշխաններին, և նա ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, մտավ իր աստծու տունը, և այնտեղ նրա երանքից ելած որդիները սրով սպանեցին նրան։ Այսպես Տերը Եզեկիային և Երուսաղեմի բնակիչներին ազատեց Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ու բոլորի ձեռքից և ամեն կողմից պաշտպանեց նրանց։ Շատերն ընծաներ էին բերում Երուսաղեմ՝ Տիրոջ համար և թանկարժեք բաներ՝ Հուդայի Եզեկիա թագավորի համար։ Դրանից հետո Եզեկիան բարձրացավ բոլոր ազգերի աչքին։