Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:2-12

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:2-12 ՆՎԱԱ

Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։ Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց ողջակեզների համար՝ առավոտյան և երեկոյան ողջակեզների համար, շաբաթ օրերի, ամսամուտների և տոների ողջակեզների համար, ինչպես որ գրված է Տիրոջ օրենքում։ Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին հրամայեց, որ քահանաների և ղևտացիների բաժինը տան, որպեսզի նրանք նվիրվեն Տիրոջ օրենքը կատարելու։ Երբ այս հրամանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիներն առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիները նույնպես բերեցին արջառների ու ոչխարների տասանորդները և իրենց Տեր Աստծուն նվիրված սուրբ բաների տասանորդները և դարսեցին կույտ-կույտ։ Երրորդ ամսին սկսեցին դիզել կույտերը և յոթերորդ ամսին վերջացրին։ Եզեկիան և իշխանները եկան տեսան կույտերը և օրհնաբանեցին Տիրոջն ու օրհնեցին Իսրայելի նրա ժողովրդին։ Եզեկիան քահանաներին և ղևտացիներին հարցրեց կույտերի մասին, և քահանայապետ Ազարիան, որ Սադոկի տնից էր, պատասխանեց նրան՝ ասելով. «Այն ժամանակից, երբ սկսեցին ընծաները բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու կշտացանք, և չափազանց շատ ավելացել է, որովհետև Տերն օրհնեց իր ժողովրդին, և ավելացածն ահա այս առատությունն է»։ Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. և նրանք պատրաստեցին։ Այնտեղ հավատարմությամբ բերեցին նվերները, տասանորդներն ու ընծաները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնոնիան էր, իսկ փոխանորդը՝ նրա եղբայր Սեմեին։