Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:1-14

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:1-14 ՆՎԱԱ

Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում։ Նա սկսեց այն կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսի երկուսին։ Ահա Սողոմոնի դրած հիմքը Աստծու տունը կառուցելու համար. դրա երկարությունը նախկին չափով վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։ Տաճարի առջևի սրահի երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, իսկ բարձրությունը՝ հարյուր քսան կանգուն, և ներսից այն երեսապատեց մաքուր ոսկով։ Մեծ տունը ծածկեց մայրի փայտով, այն երեսապատեց մաքուր ոսկով և վրան քանդակեց արմավենիներ ու շղթաներ։ Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով. իսկ ոսկին Փարուիմի ոսկի էր։ Տան գերանները, դռան սյուները, դրա պատերն ու դռները պատեց ոսկով և պատերին քերովբեներ քանդակեց։ Նա շինեց նաև սրբությունների սրբության սրահը. դրա երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, դրա լայնությունն էլ՝ քսան կանգուն։ Նա այն պատեց վեց հարյուր տաղանդ մաքուր ոսկով։ Մեխերի կշիռը մինչև հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատները նույնպես պատեց ոսկով։ Սրբությունների սրբության մեջ երկու քանդակազարդ քերովբեներ պատրաստեց և դրանք պատեց ոսկով։ Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և դիպչում էր մյուս քերովբեի թևին։ Մյուս քերովբեի մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և կցված էր մյուս քերովբեի թևին։ Այս քերովբեների տարածված թևերը քսան կանգուն էին. դրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, և դրանց դեմքերը դարձած էին դեպի տունը։ Նա վարագույրը պատրաստեց կապուտակ, ծիրանագույն, կարմիր գործվածքներից ու բեհեզից և դրա վրա հյուսեց քերովբեներ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում