Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:15-22

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:15-22 ՆՎԱԱ

և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։ Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի”»։ Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։ Ապա Կահաթի տոհմից և Կորխի տոհմից եղող ղևտացիները վեր կացան՝ բարձր և ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։ Առավոտյան կանուխ վեր կացան և գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հոսափատը կանգնեց և ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներ, հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք, հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք»։ Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։ Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։