Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:1-29

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:1-29 ՆՎԱԱ

Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։ Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։ Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։ Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։ Հոսափատը կանգնեց Հուդայի և Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը, նոր սրահի առաջ և ասաց. «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։ Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։ Եվ նրանք բնակվեցին այստեղ և այստեղ քո անվան սրբարան շինեցին ու ասացին. “Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ”։ Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։ Բայց ահա նրանք հատուցում են մեզ՝ մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։ Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված»։ Հուդայի բոլոր բնակիչները կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով և որդիներով։ Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդու՝ Հեիելի որդու՝ Բանեայի որդու՝ Զաքարիայի որդի Հազիելի վրա, և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։ Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի”»։ Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։ Ապա Կահաթի տոհմից և Կորխի տոհմից եղող ղևտացիները վեր կացան՝ բարձր և ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։ Առավոտյան կանուխ վեր կացան և գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հոսափատը կանգնեց և ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներ, հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք, հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք»։ Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։ Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։ Որովհետև ամմոնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա՝ ջարդելու և բնաջնջելու նրանց։ Եվ երբ վերջացրին իրենց գործը Սեիրի բնակիչների հետ, իրար օգնեցին՝ միմյանց ջարդելու։ Հուդայի մարդիկ եկան անապատի բարձր մի տեղ ու նայեցին այդ բազմությանը. և ահա նրանց դիակները փռված էին գետնին, ոչ ոք չկար ազատված։ Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։ Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բերախայի հովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը. դրա համար էլ այդ տեղը կոչեցին Բերախայի հովիտ մինչև այսօր։ Հուդայի և Երուսաղեմի բոլոր մարդիկ, Հոսափատին ունենալով իբրև իրենց պարագլուխ, ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։ Նրանք տավիղներով, քնարներով և փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։ Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։