Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:1-18

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:1-18 ՆՎԱԱ

Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։ Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։ Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։ Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։ Հոսափատը կանգնեց Հուդայի և Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը, նոր սրահի առաջ և ասաց. «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։ Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։ Եվ նրանք բնակվեցին այստեղ և այստեղ քո անվան սրբարան շինեցին ու ասացին. “Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ”։ Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։ Բայց ահա նրանք հատուցում են մեզ՝ մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։ Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված»։ Հուդայի բոլոր բնակիչները կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով և որդիներով։ Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդու՝ Հեիելի որդու՝ Բանեայի որդու՝ Զաքարիայի որդի Հազիելի վրա, և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։ Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի”»։ Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։