Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:3-13

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:3-13 ՆՎԱԱ

Իսրայելի Աքաաբ թագավորն ասաց Հուդայի թագավոր Հոսափատին. «Ինձ հետ կգնա՞ս Ռամոթ-Գաղաադ»։ Նա ասաց նրան. «Ինչպես դու, այնպես էլ ես, և ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը. քեզ հետ կգնանք պատերազմի»։ Ապա Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Բայց հիմա եկ Տիրոջ խոսքը փնտրի»։ Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ չորս հարյուր հոգի, և հարցրեց նրանց. «Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմի գնա՞նք, թե՞ ետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն կմատնի թագավորի ձեռքը»։ Բայց Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից խորհուրդ հարցնենք»։ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Դեռ մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի մարգարեանում, այլ միշտ՝ չար բան։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։ Իսրայելի թագավորը մի ներքինի կանչեց և ասաց. «Շուտ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը նստել էին՝ յուրաքանչյուրն իր գահի վրա, արքայական զգեստներ հագած. նստել էին կալում՝ Սամարիայի դարպասի առաջ, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։ Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ շինեց և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով կհրես ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։ Բոլոր մարգարեներն էլ այդպես էին մարգարեանում՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս, և Տերն այն կհանձնի թագավորի ձեռքը»։ Այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար, ուրեմն թող քո խոսքն էլ նրանցից մեկի ասածի պես լինի. բարի՛ խոսիր»։ Բայց Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ խոսելու»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում