Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:14-27

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:14-27 ՆՎԱԱ

Եվ երբ նա եկավ թագավորի մոտ, թագավորը նրան հարցրեց. «Միքիա՛, Ռամոթ-Գաղաադ գնա՞նք պատերազմելու, թե՞ ետ կանգնեմ»։ Նա պատասխանեց. «Գնացե՛ք և հաջողություն կունենաք. նրանք ձեր ձեռքը կհանձնվեն»։ Թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ ես քեզ երդում անել տամ, որ Տիրոջ անունով, բացի ճշմարտությունից, ոչինչ չասես»։ Այն ժամանակ Միքիան ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը՝ ցրված լեռների վրա ոչխարների նման, որոնք հովիվ չունեն, և Տերն ասաց. “Սրանք տեր չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ՝ չար»։ Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսեցե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը՝ նստած իր գահի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած նրա աջ և ձախ կողմերին։ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ բարձրանա գնա Ռամոթ-Գաղաադի դեմ և կորստյան մատնվի”։ Եվ մեկն այսպես էր ասում, մյուսն՝ այնպես։ Այն ժամանակ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առջև և ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։ Նա էլ պատասխանեց. “Ես դուրս կգնամ և սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես և կհաջողես. գնա՛ և արա՛ այդպես”։ Արդ, Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»։ Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, հարվածեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ո՞ր ճանապարհով է Տիրոջ հոգին ինձանից անցել, որ քեզ հետ խոսի»։ Միքիան պատասխանեց. «Դու այդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։ Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրե՛ք Միքիային, տարե՛ք քաղաքապետ Ամոնի ու արքայորդի Հովասի մոտ և ասացե՛ք. “Այսպես է ասում թագավորը. սրան բա՛նտ դրեք և կերակրե՛ք քիչ հացով ու քիչ ջրով, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ”»։ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։