Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:7-19

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:7-19 ՆՎԱԱ

Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխանավորներին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին և Միքիային, ուղարկեց, որ ուսուցանեն Հուդայի քաղաքներում։ Նրանց հետ էին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբաթիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան։ Նրանց հետ էին նաև Եղիսամա և Հովրամ քահանաները։ Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց մոտ ունենալով Տիրոջ օրենքի գիրքը։ Նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքները և ուսուցանում էին ժողովրդին։ Տիրոջ վախը պատեց Հուդայի շրջակայքում գտնվող բոլոր երկրների թագավորություններին, և նրանք չպատերազմեցին Հոսափատի դեմ։ Փղշտացիներից էլ ոմանք ընծաներ և հարկի փող էին բերում Հոսափատի համար. արաբները նույնպես իրենց հոտերից նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։ Հոսափատը գնալով մեծացավ և շատ բարձրացավ։ Հուդայում նա կառուցեց բերդեր և շտեմարանների քաղաքներ։ Նա շատ գործեր ուներ Հուդայի քաղաքներում, իսկ Երուսաղեմում՝ քաջազուն ռազմիկներ։ Ահա նրանց մարդահամարը ըստ իրենց ազգատոհմերի. Հուդայի հազարապետներն էին՝ Եդնա իշխանը. նրա հետ՝ երեք հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։ Նրանից հետո՝ Հոհանան իշխանը. նրա հետ՝ երկու հարյուր ութսուն հազար մարդ։ Նրանից հետո՝ Զեքրիի որդի Ամասիան, որն իրեն նվիրել էր Տիրոջը. նրա հետ՝ երկու հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։ Բենիամինից՝ քաջազուն ռազմիկ Եղիադան. նրա հետ՝ երկու հարյուր հազար աղեղնավոր և ասպարավոր։ Նրանից հետո՝ Հոզաբադը. նրա հետ՝ հարյուր ութսուն հազար սպառազինյալներ։ Սրանք էին թագավորին ծառայություն անողները, բացի նրանցից, որոնց թագավորը դրել էր Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում