Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10

10
Հյուսիսային ցեղերի ապստամբությունը
(Գ Թագ. 12.1-20)
1Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր այնտեղ՝ նրան թագավոր դարձնելու համար։ 2Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն թագավորից փախել և Եգիպտոսում էր գտնվում, երբ լսեց այդ, վերադարձավ Եգիպտոսից։ 3Մարդ ուղարկեցին և կանչեցին նրան։ Հերոբովամն ու ամբողջ Իսրայելը եկան և խոսեցին Ռոբովամի հետ՝ ասելով. 4«Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը, բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դաժան ծառայությունն ու մեզ վրա դրած ծանր լուծը, և մենք կծառայենք քեզ»։ 5Նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ Եվ ժողովուրդը գնաց։ 6Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության ժամանակ կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։ 7Նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Եթե դու այս ժողովրդի հանդեպ քաղցր լինես, հաճոյանաս նրանց և բարի խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ քո ծառաները կլինեն»։ 8Բայց նա մերժեց այն խրատը, որ ծերերը տվեցին իրեն, և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնել էին իր առջև։ 9Նա ասաց նրանց. «Դո՞ւք ինչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին, որն ինձ ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։ 10Նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ՝ ասելով. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ քեզ հետ խոսել և ասել է, թե՝ “Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”. նրանց հետ կխոսես այսպես. “Իմ ճկույթն իմ հոր մեջքից ավելի հաստ է։ 11Արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելի կծանրացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով”»։ 12Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը խոսել էր՝ ասելով. «Երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ 13Թագավորը խստությամբ պատասխանեց ժողովրդին՝ մերժելով ծերերի խորհուրդը։ 14Եվ նրանց հետ խոսեց ըստ այդ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, իսկ ես ավելի կծանրացնեմ այն. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով»։ 15Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Աստծու կողմից այդպես էր դարձված, որպեսզի Տերը հաստատի իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին։ 16Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, մենք Հեսսեի որդու հետ ժառանգություն չունենք։ Ամեն մարդ թող գնա իր տունը, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասի՛ն հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները։ 17Ռոբովամը թագավոր եղավ միայն այն իսրայելացիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում։ 18Ռոբովամ թագավորը պարտադիր աշխատանքի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց Իսրայելի որդիները քարկոծեցին նրան, և նա մեռավ։ Ռոբովամ թագավորը շտապեց, որ իր կառքը բարձրանա ու փախչի Երուսաղեմ։ 19Այսպես Իսրայելը ապստամբեց Դավթի տան դեմ, ու այդպես է մինչև այսօր։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք