Ա Տիմոթեոսին 6

6
Ծառաների մասին
1Նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին ամեն պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունը և վարդապետությունը չհայհոյվի։ 2Իսկ հավատացյալ տերեր ունեցողները թող չարհամարհեն, որովհետև նրանք եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հավատացյալ են ու սիրելի և բարեգործության մասնակից։
Սուտ վարդապետներ
Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։ 3Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին ու բարեպաշտ վարդապետությանը, 4նա մեծամտությունից կուրացած է, ոչինչ չգիտի, հիվանդ է խնդիրներ և լեզվակռիվներ հարուցելու ախտով, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայհոյություն, չար կասկածներ, խորամանկություններ 5մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք աստվածապաշտությունը շահի աղբյուր են համարում։ 6Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։ 7Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ 8Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք։ 9Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ։ 10Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։
Անձնական հանձնարարություններ
11Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր դրանցից և հետևի՛ր արդարությանը, աստվածապաշտությանը, հավատին, սիրուն, համբերությանը, հեզությանը։ 12Հավատի բարի պատերա՛զմ մղիր, նվաճի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։ 13Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ ամեն ինչի կենսատուն է, և Քրիստոս Հիսուսի առաջ, որ Պոնտացի Պիղատոսի առջև բարի դավանությունը վկայեց, 14որ դու անբիծ ու անարատ պահես պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, 15որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորն ու տերերի Տերը, 16որ միայն նա ունի անմահությունը, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել ու ոչ էլ կարող է տեսնել։ Նրան պատիվ ու զորություն հավիտյանս։ Ամեն։
Հորդոր հարուստներին
17Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ 18Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։ 19Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։ 20Ո՛վ Տիմոթեոս, քեզ տրված ավանդը պահի՛ր ու հեռո՛ւ մնա պիղծ ունայնաբանություններից և սուտանուն գիտության հակառակություններից, 21որն ընդունելով՝ ոմանք մոլորվեցին հավատից։ Շնորհը քեզ հետ լինի։ Ամեն։

Արդեն Ընտրված.

Ա Տիմոթեոսին 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք