Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

6
Տապանակի վերադարձը
1Եվ Տիրոջ տապանակը յոթ ամիս մնաց փղշտացիների երկրում։ 2Եվ փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակողներին և ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը. մեզ մի խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես այն ուղարկենք իր տեղը»։ 3Նրանք էլ ասացին. «Եթե Իսրայելի Աստծու տապանակը պիտի ուղարկեք, դատարկ չուղարկեք այն, այլ անպատճառ հանցանքի ընծա՛ մատուցեք նրան և այն ժամանակ կբժշկվեք, և ձեզ հայտնի կլինի, թե ինչո՛ւ նրա ձեռքը չի հեռանում ձեզանից»։ 4Նրանք ասացին. «Ո՞րն է հանցանքի այդ ընծան, որ մատուցենք նրան»։ Եվ նրանք ասացին. «Ըստ փղշտացիների նախարարների թվի՝ հինգ ոսկե թանչքի ուռուցքներ և հինգ ոսկե մկներ են. քանզի միևնույն հարվածն էր իջել ձեզ բոլորիդ վրա և ձեր նախարարների վրա։ 5Ուրեմն շինե՛ք ձեր թանչքի ուռուցքների պատկերները և ձեր երկիրն ավերող մկների պատկերները և փա՛ռք տվեք Իսրայելի Աստծուն. գուցե կարելի է, որ նա իր ձեռքը թեթևացնի ձեր վրայից, ձեր աստվածների վրայից և ձեր երկրի վրայից։ 6Եվ ինչի՞ համար եք ձեր սրտերը խստացնում, ինչպես իրենց սրտերը խստացրին եգիպտացիներն ու փարավոնը. չէ՞ որ Աստծու՝ նրանց մեջ հրաշագործություններ անելուց հետո միայն նրանք թույլ տվին նրանց, որ գնան։ 7Ուրեմն մի նոր սա՛յլ շինեք և կաթնատու երկու երի՛նջ առեք, որոնց վրա բնավ լուծ դրված չլինի, և երինջները լծե՛ք սայլին ու իրենց հորթերն էլ նրանց հետևից ե՛տ տարեք տուն։ 8Վերցրե՛ք Տիրոջ տապանակն ու այն դրե՛ք սայլի վրա և այն ոսկե անոթները, որ դուք ձեր հանցանքի համար նրան ընծա պիտի տաք, փոքրիկ մի արկղով դրե՛ք նրա մի կողքին և ճանապարհե՛ք, որ գնա։ 9Եվ նայե՛ք. եթե իր սահմանի ճանապարհով նա Բեթսամյուս է գնում, ապա նա է մեզ այս մեծ չարիք անողը, իսկ եթե ոչ, ապա իմացե՛ք, որ նրա ձեռքը չէ մեզ դիպել, այլ այս բանը դիպվածով է պատահել մեզ»։
10Եվ այդ մարդիկ այդպես էլ արին. կաթնատու երկու երինջ վերցրին, նրանց լծեցին սայլին և նրանց հորթերին փակեցին տանը։ 11Եվ Տիրոջ տապանակն ու ոսկե մկների և իրենց թանչքի ուռուցքների պատկերների փոքրիկ արկղը դրեցին այդ սայլի վրա։ 12Եվ երինջները ճանապարհ ընկան ուղիղ Բեթսամյուսի ճամփան և չխոտորվեցին դեպի աջ կամ ձախ կողմը, այլ ուղիղ էին գնում ու բառաչում։ Եվ փղշտացիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց ետևից։ 13Բեթսամյուսացիները հովտում ցորենի արտ էին հնձում. իրենց աչքերը բարձրացրին ու տապանակը տեսան. ուրախացան, որ տեսան։ 14Եվ սայլը մտավ բեթսամյուսացի Հեսուի արտն ու կանգնեց այնտեղ. և այնտեղ մի մեծ քար կար, և սայլի փայտերը ջարդեցին ու այն երինջները ողջակեզ մատուցեցին Տիրոջը։ 15Եվ ղևտացիներն իջեցրին Տիրոջ տապանակն ու նրա հետ եղած ոսկե անոթների փոքրիկ արկղը և դրեցին այն մեծ քարի վրա, և այդ նույն օրը Բեթսամյուսի մարդիկ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։ 16Եվ փղշտացիների հինգ նախարարները տեսան այդ և նույն օրն էլ վերադարձան Ակկարոն։ 17Եվ թանչքի այն ոսկե ուռուցքները, որ փղշտացիներն իրենց հանցանքի ընծա էին տվել Տիրոջը, սրանք էին. մեկը Ազովտոսի համար էր, մեկը՝ Գազայի համար, մեկը՝ Ասկաղոնի համար, մեկը՝ Գեթի համար, մեկն էլ՝ Ակկարոնի համար։ 18Եվ ոսկե մկները փղշտացիների հինգ նախարարությունների բոլոր քաղաքների թվով էին, պարսպապատ քաղաքից մինչև անպարիսպ գյուղը, մինչև այն մեծ քարը, որի վրա դրվեց Տիրոջ տապանակը, և որը մինչև այսօր կա բեթսամյուսացի Հեսուի արտում։
Տապանակը Կարիաթարիմում
19Եվ Տերը հարվածեց Բեթսամյուսի մարդկանց, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տապանակի ներսը. ժողովրդից հիսուն հազար յոթանասուն մարդ սպանեց, և ժողովուրդը սգի մեջ էր, քանի որ Տերը մեծ կոտորած արեց ժողովրդի մեջ։ 20Եվ Բեթսամյուսի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստծու՝ Տիրոջ առաջ, և ո՞ւմ մոտ պիտի գնա մեր մոտից»։ 21Ապա Կարիաթարիմի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեցին, որ ասեն. «Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել, իջե՛ք և այն տարե՛ք, վե՛ր բարձրացրեք ձեզ մոտ»։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում