Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

5
Ուխտի տապանակը փղշտացիների մոտ
1Եվ փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և այն Աբենեզերից տարան Ազովտոս։ 2Փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և տարան Դագոնի տուն ու դրեցին Դագոնի մոտ։ 3Հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, ազովտացիները վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա ընկել է գետնին. և նրանք բարձրացրին Դագոնն ու դրեցին իր տեղը։ 4Իսկ հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա դարձյալ ընկած է գետնին, և Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրտված, ընկած են սեմի վրա, միայն Դագոնի մարմինն էր մնացել։ 5[Այդ պատճառով էլ Դագոնի քրմերը և Դագոնի տուն բոլոր մտնողները մինչև այսօր Ազովտոսում չեն կոխում Դագոնի տան շեմը]։ 6Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ ազովտացիների վրա, և կործանեց նրանց և Ազովտոսում ու նրա սահմաններում նրանց հարվածեց թանչքի ուռուցքներով։
7Եվ երբ Ազովտոսի բնակիչները տեսան, որ այդպես է, ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը չմնա մեզ մոտ, որովհետև նրա ձեռքը ծանրացավ մեզ վրա և մեր աստված Դագոնի վրա»։ 8Մարդ ուղարկեցին և փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին իրենց մոտ ու ասացին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը». և ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեն Գեթ». և Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեցին Գեթ։ 9Եվ այն փոխադրելուց հետո Տիրոջ ձեռքը քաղաքի դեմ եղավ և մեծ խռովություն պատճառեց. նա հարվածեց քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, և նրանց վրա երևացին թանչքի ուռուցքներ երևացին։
10Այն ժամանակ Աստծու տապանակը Ակկարոն ուղարկեցին. և հենց որ Աստծու տապանակը Ակկարոն մտավ, ակկարոնացիներն աղաղակելով ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը մեզ մոտ բերին, որ մեզ և մեր ժողովրդին մեռցնեն»։ 11Մարդ ուղարկեցին, ժողովեցին փղշտացիների բոլոր նախարարներին և ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը ե՛տ ուղարկեք, թող վերադառնա իր տեղը, որ մեզ և մեր ժողովրդին չմեռցնի». քանզի մահառիթ մի սոսկում կար քաղաքում, և Աստծու ձեռքը խիստ ծանրացել էր այնտեղ։ 12Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք