Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:1-15

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:1-15 ՆՎԱԱ

Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։ Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ուրեմն դու կիմանաս, թե քո ծառան ինչ կանի». և Անքուսը Դավթին ասաց. «Դրա համար էլ քեզ դարձնելու եմ իմ մշտական թիկնապահը»։ Սամուելն արդեն մեռած էր, և ամբողջ Իսրայելը սուգ էր արել նրա համար, և նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում, իսկ Սավուղն էլ երկրից վերացրել էր վհուկներին և գուշակներին։ Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։ Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ, և սիրտը խիստ դողաց։ Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։ Այդ ժամանակ Սավուղն իր ծառաներին ասաց. «Ինձ համար մի վհուկ կի՛ն փնտրեք, որ գնամ նրան հարցնեմ»։ Եվ ծառաները նրան ասացին. «Ահա մի վհուկ կին կա Ենդովրում»։ Սավուղը փոխեց իր հագուստները, ուրիշ հագուստներ հագավ և իր հետ եղած երկու մարդու հետ գնաց, և գիշերը նրանք եկան այդ կնոջ մոտ։ Եվ Սավուղն ասաց. «Շնո՛րհ արա, վհուկի ոգով դյութությո՛ւն արա ինձ և ինձ համար կանչի՛ր նրան, ում մասին քեզ կասեմ»։ Կինը նրան ասաց. «Ահա դու գիտես, թե ինչ է արել Սավուղը, ինչպես է երկրից բնաջնջել վհուկներին ու նշանագետներին. ուրեմն՝ ինչո՞ւ ես ինձ սպանելու համար որոգայթ պատրաստում իմ անձի դեմ»։ Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։ Այն ժամանակ կինն ասաց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Սամուելի՛ն կանչիր ինձ համար»։ Կինը, տեսնելով Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց. և կինը խոսեց Սավուղի հետ ու ասաց. «Ինչո՞ւ խաբեցիր ինձ. դու Սավուղն ես»։ Թագավորը նրան ասաց. «Մի՛ վախեցիր. ի՞նչ տեսար»։ Կինը Սավուղին ասաց. «Գետնից դուրս եկող մի աստված տեսա»։ Սավուղը նրան ասաց. «Ինչպիսի՞ն է նրա կերպարանքը»։ Եվ կինն ասաց. «Ահա մի ծեր մարդ է դուրս գալիս և վերարկու է հագել»։ Եվ Սավուղը հասկացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր խոնարհվեց գետին ու երկրպագեց նրան։ Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում