Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:1-25

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:1-25 ՆՎԱԱ

Զիփացիները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա»։ Եվ Սավուղը վեր կացավ և Իսրայելից ընտրած երեք հազար մարդկանց հետ իջավ Զիփի անապատը՝ Զիփի անապատում Դավթին փնտրելու։ Եվ Սավուղը բանակատեղի դրեց Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա, ճանապարհին։ Դավիթն էլ անապատում էր մնում. և երբ տեսավ, որ Սավուղն իր ետևից գալիս է անապատ, Դավիթը լրտեսներ ուղարկեց և իմացավ, որ Սավուղն իսկապես եկել է։ Դավիթը վեր կացավ եկավ Սավուղի բանակատեղին. և Դավիթը տեսավ այն տեղը, ուր պառկել էին Սավուղը և նրա զորապետ Ների որդի Աբենները. սակայն Սավուղը պառկել էր կառքերի մեջտեղը, իսկ ժողովուրդը բանակել էր նրա շուրջը։ Եվ Դավիթը պատասխանեց քետացի Աքիմելեքի և Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսային և ասաց. «Ո՞վ ինձ հետ կիջնի բանակատեղի՝ Սավուղի մոտ»։ Եվ Աբեսսան ասաց. «Ես կիջնեմ քեզ հետ»։ Եվ Դավիթը Աբեսսայի հետ գիշերը մտավ բանակի մեջ. և ահա Սավուղը պառկած քնած էր կառքերի մեջտեղը, նրա նիզակը գլխի մոտ ցցված էր գետնի մեջ, և Աբեններն ու զինվորները պառկած էին նրա շուրջը։ Եվ Աբեսսան Դավթին ասաց. «Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց, և հիմա թող նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետնին և հարվածս չկրկնեմ»։ Բայց Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, որովհետև ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և անպարտ մնալ»։ Եվ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը և Տերը կզարկի նրան. կամ նրա օրը կգա, կմեռնի, կամ պատերազմի մեջ կմտնի և կսպանվի։ Տերը չանի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա, միայն թե հիմա վերցրո՛ւ նրա գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը, և գնանք»։ Եվ Դավիթը Սավուղի գլխի մոտից վերցրեց նիզակն ու ջրի կուժը, և գնացին. և ոչ ոք չտեսավ, ոչ ոք չիմացավ և ոչ ոք չզարթնեց, որովհետև բոլորն էլ քնած էին, և այդ խոր քունը նրանց վրա իջել էր Տիրոջ կողմից։ Եվ Դավիթն անցավ այն կողմը, բարձրացավ սարի գլուխը և կանգնեց հեռվում, և մեծ արանք կար նրանց միջև։ Դավիթը կանչեց զինվորներին և Ների որդի Աբեններին ու ասաց. «Ո՛վ Աբեններ, պատասխան չե՞ս տալիս». և Աբենները պատասխանեց՝ ասելով. «Ո՞վ ես դու, որ կանչում ես թագավորին»։ Եվ Դավիթն Աբեններին ասաց. «Դու տղամարդ չե՞ս, քեզ պես ո՞վ կա Իսրայելի մեջ, ինչո՞ւ քո տեր թագավորին չպահպանեցիր, որովհետև ժողովրդից մեկը եկել էր քո տեր թագավորին սպանելու։ Լավ բան չէ, որ դու արեցիր. կենդանի է Տերը, որ դուք մահապարտ եք, որովհետև չպահպանեցիք Տիրոջ օծյալին՝ ձեր տիրոջը. և հիմա նայի՛ր, թե ուր են թագավորի նիզակը և նրա գլխի մոտի ջրի կուժը»։ Այդ ժամանակ Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Դա քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Դավիթն ասաց. «Իմ ձայնն է, տե՛ր իմ թագավոր»։ Եվ նա ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը այդպես իր ծառայի ետևից ընկել. ի՞նչ եմ արել, ի՞նչ չարիք է գործել իմ ձեռքը քո դեմ։ Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։ Եվ հիմա թող իմ արյունը Տիրոջ առջև գետին չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը դուրս է եկել մի լու փնտրելու, ինչպես մարդ կաքավ է հալածում սարերում»։ Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ, այլևս չարիք չեմ գործի քո դեմ, որովհետև այսօր իմ հոգին պատվական թվաց քո աչքին. ահա ես հիմարություն եմ արել և խիստ սխալվել»։ Դավիթը պատասխանեց և ասաց. «Ահա թագավորի նիզակը. թող երիտասարդներից մեկը գա և վերցնի այն։ Թող Տերն ամեն մարդու հատուցի ըստ իր արդարության և ըստ իր հավատարմության, որովհետև Տերը քեզ այսօր մատնեց իմ ձեռքը, բայց ես չուզեցի իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։ Եվ ահա ինչպես քո հոգին այսօր պատվական թվաց իմ աչքին, իմ հոգին էլ թող այդպես պատվական թվա Տիրոջ առջև, և նա ինձ ազատի ամեն նեղությունից»։ Սավուղը Դավթին ասաց. «Օրհնյա՜լ լինես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու շատ գործ ես անելու և հաջողություն ես ունենալու»։ Եվ Դավիթը գնաց իր ճանապարհով, Սավուղն էլ վերադարձավ իր տեղը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում